Դատավճիռ, թե հաշվեհարդար

Դատավճիռ, թե հաշվեհարդար
ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան կողոպուտի գործի քննությունը երեկ վերջապես ավարտվեց: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը, որով գործարար Արա Կարապետյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:



Նրա պաշտպան Կարեն Քամալյանը հրաժարվեց գնահատական տալ կայացված դատավճռին՝ դեռ չի ծանոթացել փաստաթղթին: Միայն ասաց՝ «Անօրինական դատավճիռ է»: Արա Կարապետյանի քույրը՝ Ծովինար Կարապետյանը  համոզված է, որ դատավճիռն ամբողջությամբ պատվեր է եւ կայացվել է գործարարի բերանը փակելու համար:



«Այս վճիռն ամբողջությամբ պատվեր է: Արան հայտնվեց բանտում, որովհետեւ չափից ավելի տեղեկացված է, տարբեր մարդկանց մասին հետաքրքիր բաներ գիտի: Եվ հիմա նրանք փորձում են ինչքան հնարավոր է՝  խորը պահեն Արային, որ որեւէ ինֆորմացիա դուրս չհոսի: Հենց այդ ինֆորմացիան է խանգարում նրան հանգիստ ապրել այս երկրում: Առանց ապացույցի մարդուն 15 տարվա դատապարտման վճիռ կարդալն ուղղակի աբսուրդ է: Սա արդարադատություն չէ, այլ հաշվեհարդար»,- ասաց գործարարի քույրը:



Այս գործի շրջանակներում մեղադրվում էին 10 հոգի, ովքեր բոլորն էլ դատապարտվեցին: 15 տարվա ազատազրկման դատապարտվեց նաեւ Նոր Նորքի ոստիկանապետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, Հայկ Մելքոնյանը՝ 14, Արշակ Գրիգորյանը՝ 13, Հովհաննես Նազարյանը եւ Սուրեն Մելքոնյանը՝ 11 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ:



Հայր եւ որդի Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանները դատապարտվել են 11 եւ 12 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Նիկոլայ Խաչիկյանը՝ 8,5 տարվա եւ տուգանվել է 250 հազար դրամ, իսկ Աշոտ Խաչատրյանը՝ 9 տարվա ազատազրկման՝ 200 հազար դրամ տուգանքով: