Քաղաքական կուլտուրա

Քաղաքական կուլտուրա
Տարվա ամենաշոգ շրջանն է: Մարդիկ արձակուրդ են գնում, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են ակտիվ շփումները: Նախօրեին տեղի ունեցած ՀԱԿ-իշխանություն հանդիպումը կարծես թե բարեհաջող ավարտ ունեցավ՝ ոչ ոք ոչ ոքի չքաշքշեց, չվիրավորեց, բանակցությունների սենյակից կողմերը ժպիտով դուրս եկան ու անվրդով ներկայացան լրագրողներին: Իսկ երեկ արդեն ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ նոր պահանջներով. հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի չեզոք վայրում, կամ հանդիպումը պետք է ընթանա ուղիղ եթերում, կամ հանդիպումից հետո ՀԱԿ-ին ուղիղ եթեր տրամադրվի: Մյուսը վերաբերում է ՀԱԿ հանրահավաքին՝ հակաքարոզչություն չանել, մարդկանց չահաբեկել, թույլ տալ եթերով իրազեկվի այն: Դե ինչ, երկխոսություն՝ նշանակում է հաշվի նստել քեզ հետ բանակցողի շահերի հետ: Մանավանդ որ դրանց մեջ ոչ մի անհնարին ու օրենքից դուրս բան չկա: Դժվար է ասել՝ կկատարի՞ իշխանությունը ՀԱԿ պահանջները: Անգամ եթե կատարի, սրանից ի՞նչ է շահելու ընդդիմությունը եւ ժողովուրդը: Միակ տեսանելի օգուտը քաղաքական համագործակցության կուլտուրայի ներդրումն է հայաստանյան իրականության մեջ: Անշուշտ քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ մեզանում մինչ օրս ջունգլիների կանոններն էին աշխատում, եւ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն իրար ոչնչացնելուց, հայհոյանքից ու ատելությունից այն կողմ չէին անցնում: Իսկ ընդդիմախոսներին հարգել, նրանց փաստարկները լսել, առաջարկներն ընդունել ու քննադատությունից հետեւություն անել պետք է: Մնում է, որ քաղաքական կուլտուրայի բարձրացումը կյանքի բարեկեցությունն ու երկրում ժողովրդավարությունն էլ բարձրացնեն: Թե չէ, որ Դավիթ Շահնազարյանն ու Դավիթ Հարությունյանն իրար հարգեն ու սիրեն, հասարակությունը դրանից ի՞նչ է շահելու: