Աղվան Հովսեփյանը նաեւ վարչական գործառույթ է իրականացնում

Աղվան Հովսեփյանը նաեւ վարչական գործառույթ է իրականացնում
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նաեւ վարչական գործառույթ է իրականացնում. երեկ նա դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: Նկատենք, որ Գուրգեն Մարտիրոսյանը Գավառի ընտրված քաղաքապետն է, եւ նրա պաշտոնավարման հարցը կարող է քննարկել միայն կառավարությունը: Ի դեպ՝ Գուրգեն Մարտիրոսյանը մարտի 1-ի գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հորեղբոր տղան է: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղեկանալով իր ազգականներ՝ եղբայրներ Արամ  եւ Արթուր Մարտիրոսյանների մասնակցությամբ Գավառում սպանության փորձ կատարելու մասին, փորձել է օժանդակել նրանց փախուստին:



Նախաքննական մարմնի գնահատմամբ, Գուրգեն Մարտիրոսյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործության պարտակում, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ համաներում է կիրառվել: Ասվում է, որ այս գործը եւս փորձ է արվում «կարել» Հովհաննես Թամամյանի գործին, որին, որոշ տեղեկություններով, ուզում են նստեցնել մի 15-20 տարի: