Քաղաքականացվելու ժամանակը

Քաղաքականացվելու ժամանակը
Ինչո՞ւ են մեր երիտասարդները նախընտրում ողջ օրը «լռվել» ինտերնետում, «Ֆեյսբուքում» անպտուղ բանավեճեր ծավալել, տարբեր սոցիալական շարժումներ ձեւավորել, պայքարել ճարտարապետական հուշարձանների ու քաղաքաշինական խնդիրների, տրանսպորտի ու էկոլոգիայի համար, բայց հիմնականում խուսափում են քաղաքական գործունեությունից: Այս շարժումներից մեկի ակտիվիստը դա բացատրում է նրանով, որ դեպի քաղաքականություն ձգտող երիտասարդները, որպես կանոն, կարիերիստներ են, իսկ քաղաքականությամբ զբաղվելն ինքնին վարկաբեկված է, ուստի չեն ուզում մտնել այդ դաշտ եւ մեղադրվել համահայկական աթոռակռվին մասնակցելու մեջ: Սակայն սոցիալական շարժումների պատմությունն ասում է, որ դրանք ի վերջո կամ մարելու են, կամ քաղաքականացվելու, քանի որ բոլոր հարցերի լուծման բանալին մեծ քաղաքականության մեջ է: Կարելի է, անշուշտ, փոքրիկ հաղթանակներ արձանագրել՝ թույլ չտալով, որ «Կինոմոսկվայի» ամառային դահլիճը քանդեն կամ Սյունիքում ուրանի հանքարդյունահանումը ժամանակավորապես հետաձգեն: Սակայն խնդիրների համալիր լուծում հնարավոր է միայն ընտրված, հասարակության պահանջներին ենթարկվող, հասարակության կամքից կախված իշխանություն ձեւավորելու պարագայում: Բացի այդ՝ այս լոկալ պայքարի օջախները, որպես կանոն, երիտասարդական տարիներին բնորոշ ձախության, էնտուզիազմի, սենտիմենտալության դրսեւորումներ են, որ տարիքի հետ մարելու են կամ վերաճեն ավելի լուրջ գործունեության: Կարճ ասած՝ այս ակտիվ երիտասարդներից կամ լավ քաղաքական գործիչներ կստացվեն, կամ նրանք կդառնան հոգնած չինովնիկներ, որոնք պատանեկության տարիների իրենց հեղափոխական գործունեության մասին նոստալգիկ հուշեր կպատմեն թոռներին եւ ավագ սերնդի նման ձեռքները թափ կտան ու կասեն՝ պայքարելն անիմաստ է: