Շոուն սկսվեց քրեականից

Շոուն սկսվեց քրեականից
Թերեւս մտնում ենք նախընտրական շոուների ժամանակաշրջանը: Ի՞նչ է սպասվում մեզ 2011-ի աշնանը: Մի քանի նոր վազգենխաչիկյաններ, փոխադարձ ուլտիմատումներ, կոմպրոմատների պատերազմ, անսպասելի հրաժարականներ ու պոպուլիստական որոշումնե՞ր: Այդ բոլորը, կարծում եմ, լիուլի կվայելենք: Արդեն իսկ սկսել ենք վայելել: Մի բան է վատ՝ շոուն առայժմ կառուցված է հիմնականում քրեական հետապնդումների վրա: Երկու օր առաջ Արարատի նախկին մարզպետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, երեկ՝ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի դատարանի դատավոր, նախկինում Վայոց Ձորի դատարանի նախագահ Լեւիկ Պողոսյանի նկատմամբ: Նախօրեին Գավառի քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսվել, եւ ակտիվ դերակատարում է ստանձնել ՀՀ գլխավոր դատախազը: Իսկ Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետն արդեն երրորդ անգամ են երկարացնում՝ առանց բացատրելու, թե այդ ինչ քննչական գործողություններ են կատարում, որոնց համար վեց ամիս ժամանակ է հարկավոր: Շոուի մեջ, անշուշտ, նաեւ պաշտոնանկություններ են մտնում. հատկապես սոցիալական ոլորտում եւ ոստիկանության համակարգում: Ասենք՝ ոստիկանության Երեւանի վարչության ժամանակավոր պահման մեկուսարանի պետին են ազատել, Սոցիալական ապահովության պետական ծառայության մի քանի կառույցների ղեկավարների: Վստահ եղեք՝ աղմկոտ հրաժարականներ էլի կլինեն: Շոուի մեջ նաեւ իրական շոու է մտնելու: Օգոստոսի 14-ին Երեւանում համերգով է հանդես գալու Սերժ Թանկյանը, իսկ սեպտեմբերի 21-ին մեծ զորահանդես ու տոնախմբություններ են կազմակերպվելու՝ անկախության 20-ամյակի առիթով: Մի խոսքով, առաջիկա ամիսներին մեզ զվարճալի, հախուռն տեսարաններ, հեթանոսական զոհողություններ ու նախընտրական բուռն կրքեր են սպասվում: Միայն թե դիմանանք: