Ոստիկանությունն ընդդեմ դատավորի

Ոստիկանությունն ընդդեմ դատավորի
Հատուկ քննչական ծառայությունը քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 314 հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ՝ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի  ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ: Մեր տվյալներով՝  «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը եւ պաշտոնեական կեղծիք կատարելը» պայմանավորված են մի որոշմամբ, որը ոստիկանության սրտով չի եղել: Բանն այն է, որ մեկ տարվա պայմանական դատվածության մեջ գտնվող մի անձնավորություն դիմել է ոստիկանություն՝ խնդրելով, որ թույլ տան մեկնի հարազատների մոտ՝ Սանկտ Պետերբուրգ, սակայն ոստիկանությունը, որ մինչ այդ մի քանի անգամ թույլատրել էր, այս անգամ թույլ չի տվել, եւ մարդը դիմել է դատարան: Դիմումը քննել է դատավոր Լեւիկ Պողոսյանը եւ միջազգային կոնվենցիաներով փաստարկել, որ մարդը կարող է երկրից մեկնել: Այս որոշումն էլ պատճառ է դարձել, որպեսզի ոստիկանությունը դիմի համապատասխան մարմիններին, եւ սրանք քրեական գործ հարուցեն դատավորի դեմ:



Ի դեպ, ուշագրավ է, որ սովորաբար քրգործերը հարուցվում են փաստի առիթով, սակայն այս դեպքում դատախազությունը հայտարարեց, որ գործը հարուցվել է դատավորի դեմ: Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը վաղուց է սեւեռված եղել Լեւիկ Պողոսյանի դեմ. նա համարվում է անհնազանդ դատավոր: Սակայն ամբողջ հարցն այն է, որ օգոստոսի 15-ին լրանում է Պողոսյանի 65 տարին, եւ նա պետք է թոշակի գնա:



Հարց է ծագում՝ ի՞նչն է ստիպել ոստիկաններին ու դատախազներին հարուցել այս քրգործը՝ չսպասելով մարդու կենսաթոշակի գնալուն: Հետաքրքիրն այն է, որ այն անձը, ում հետ կապված առաջացել է այս թնջուկը, համաներման տակ է ընկել, եւ դատախազությունն էլ Պողոսյանի որոշումը՝ պայմանական դատապարտվածին երկրից մեկնելը թույլատրելու մասին, չի բողոքարկել: Ի դեպ, մեր տեղեկություններով, դատարանից ոչ մի փաստաթուղթ ՀՔԾ-ն, որը քննում է այս գործը, չի ստացել եւ անգամ դատավորից բացատրություն չի վերցրել:



Բայց դա չի խանգարել, որպեսզի աշխարհով մեկ ազդարարեն դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, ինչը վկայում է, որ սա հերթական շոուն է: Ցավոք, դատավորը հրաժարվեց մեզ հարցազրույց տալուց՝ խոստանալով դա անել հետագայում, երբ ամեն ինչ պարզ կդառնա: Մեկ այլ գործով ոստիկանությունը գործ էր հարուցել Վայոց Ձորի գյուղերից մեկում ապրող ուսուցչի դեմ: Վերջինս իբր դիմադրություն էր ցույց տվել ոստիկաններին, իսկ դատավոր Լեւիկ  Պողոսյանն ուսուցչին գրավով ազատ էր արձակել, ինչը կրկին դուր չէր եկել ոստիկանությանը: Դատավորը շարունակում է աշխատել եւ գործեր քննել:



Դատարանի նախագահն էլ ուրբաթ օրը նոր գործ է մակագրել նրան: Այս մասին մենք տեղեկացանք դատարանից: Ի դեպ, Լեւիկ Պողոսյանին նրա գործընկերները բնութագրում են  որպես բանիմաց եւ խղճով  դատավոր: