Նոր գրախանութ՝ «Ռուսական գրքի տուն»

Նոր գրախանութ՝ «Ռուսական գրքի տուն»
Մաշտոցի 37 հասցեում հոկտեմբերի 7-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի մասնակցությամբ բացված «Ռուսական գրքի տուն» գրախանութը» եւս մեկ հրաշալի ձեռքբերում դարձավ սակավաթիվ գրախանութներով աչքի ընկնող մեր քաղաքի եւ ընթերցասերների համար: Նախաձեռնության հեղինակը հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանն է, որը պատրաստվում է Մոսկվայի կենտրոնում բացել «Հայ գրքի տուն» գրախանութ` հայ-ռուսական մշակութային երկխոսությունն աշխուժացնելու նպատակով:



Իսկ հիմա ամենակարեւորը՝ նոր բացված գրախանութը:



Փոքրիկ, արծաթափայլ ճաղաշարով աստիճանավանդակն ուղեկցում է` երկհարկանի գեղեցիկ ու տրամադրող սրահներ, որտեղ հարմարավետ գրադարակների վրա շարված են ռուսերեն լեզվով շուրջ 5 հազար անուն գիրք, ամենահայտնի եւ անհայտ հրատարակչություններից` բազմաթիվ վեպեր, պատմվածքների, բանաստեղծությունների, էսսեների ժողովածու, վավերագրական ակնարկներ, ինչպես ռուս դասական եւ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, այնպես էլ համաշխարհային գրականության ընտրանի, նկարչական ալբոմներ, մանկական, «ֆենթըզի» եւ դետեկտիվ ժանրի բազմազան գրականություն:



Կլոր սեղանի շուրջ շարված խավոտ, կարմիր մահուդով պատված աթոռներից մեկին նստելով` կարող եք դարակներից վերցրած գրքերը թերթել, ծանոթանալ, ուսումնասիրել եւ վերջնականորեն, հանգիստ ընտրություն կատարել: Երբ գրախանութները պարզապես չեն դառնում առեւտրի կենտրոններ, մրգի եւ բանջարեղենի արագ սպասարկման կրպակներ, վերածվում են գիրք-ընթերցող շփումն ապահովող կամուրջների, կրկնակի մեծանում է եւ կարեւորվում նրանց դերը:



Նրանք մի տեսակ դառնում են մշակութային յուրօրինակ կենտրոններ: Եթե քաղաքում գրախանութները գնալով ավելանան, կձեւավորվի նաեւ աշխույժ մրցակցություն, որից, իմ կարծիքով, կշահեն բոլորը: Միշտ էլ, երբ հայ թարգմանական գրականությունը ցավալիորեն կաղել է, հայ ընթերցողը՝ ուզած-չուզած, օգտվել է ռուսերեն լեզվով հրատարակված գրքերից եւ հիմնականում համաշխարհային գրականությանը ծանոթացել է միջնորդավորված թարգմանություններից: Այժմ «Ռուսական գրքի տուն» գրախանութն ընձեռում է այդ հնարավորությունը` մատուցելով ռուսերեն լեզվով հրատարակված լավագույն գրքեր: Շուտով գրախանութը կհրատարակի նաեւ «Русский мир в Армении» ամսագիրը, ինչպես նաեւ կգործի քննարկումների ակումբը եւ «Россия» հասարակական մամուլի կենտրոն:



Քաղաքում բացվող յուրաքանչյուր գրախանութ հսկայական ձեռքբերում է, այն էլ մի ժամանակաշրջանում, երբ բոլոր գրախանութները մեկը մյուսի ետեւից հանգիստ փակվում են: «Ռուսական գրքի տուն» գրախանութը եւս մեկ նախադեպ է նրանց, ովքեր գրքերի համար պատրաստվում են ստեղծել գեղեցիկ աշխարհներ: