Տարոն Մարգարյանը սկսե՞լ է կադրային փոփոխությունները

Տարոն Մարգարյանը սկսե՞լ է կադրային փոփոխությունները
Թեեւ Կարեն Կարապետյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց անցել է մոտ մեկ շաբաթ եւ երկուշաբթի երեկոյան էլ ՀՀԿ նիստում հաստատվել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը, սակայն քաղաքապետարանի պաշտոնական կայքում որպես քաղաքապետ շարունակում է մնալ Կարեն Կարապետյանն իր «հարուստ» կենսագրությամբ: Թե ով է նշանակվելու առաջին տեղակալ, դեռ հայտնի չէ, ՀՀԿ նիստում քննարկվել է երեք անձանց թեկնածություն՝ ավագանու ՀՀԿ ֆրակցիայի անդամներ Նաիրա Նահապետյանի, փաստաբան, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանի եւ Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդի Արման Մադաթյանի:



Տարոն Մարգարյանն էլ, ինչպես բնորոշ է նորանշանակ ղեկավարներին, կադրային փոփոխություններ է իրականացնելու քաղաքապետարանում: Մեր տեղեկություններով, առաջինը հեռանալու են Կարապետյանի բերած կադրերը: Առաջիկայում Կարապետյանի հետ «Գազպրոմ» է ուղեւորվելու նաեւ  քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը: Ասում են՝ Կարապետյանը որոշել է նրան հետը տանել Մոսկվա, ինչպես եւ բերել էր քաղաքապետարան «ՀայՌուսգազարդից»:



Նա համակարգում եւ վերահսկում է  անշարժ գույքի կառավարման, ֆինանսական, եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությունները: Ազատվողների թվում կլինի նաեւ շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանը, որը նույնպես «ՀայՌուսգազարդի» նախկին կադրերից է եւ քաղաքապետարանում է հայտնվել Կարապետյանի կամոք: Նշենք նաեւ, որ Կարապետյանն իր հետ բերել էր նաեւ աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանին, մշակույթի բաժնի պետ Կամո Մովսեսյանին եւ ուրիշների:



Ասում են՝ այս կադրերի հարցը դեռ օդում կախված է: Չնայած սպասվող փոփոխություններին՝ քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեզ ասացին, որ բնականոն աշխատում են, եւ արտառոց բան չկա: Իսկ Տարոն Մարգարյանի հեռախոսին երեկ պատասխանում էր Արմեն անունով մի օգնական, որն հայտնեց, որ քաղաքապետը խորհրդակցության է, ուստի չի կարող խոսել մեզ հետ: