Բոլորս դեպի ընտրություններ

Բոլորս դեպի ընտրություններ
Երեկ հրաժարականների լուրերը լսելով` ընկերներիցս մեկը կատակեց. «Այսպես որ շարունակվի, մինչեւ օրվա վերջ երեւի Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն էլ կլսենք»: Սակայն եթե ավելի լուրջ լինենք՝ այս բոլոր հրաժարականներն ուղղված են հենց այդ մի հրաժարականը կանխելուն: Եվ ընդհանրապես, այս ամենի մեջ մի շատ վատ բան կա, որի մասին «սենսացիայի» հետեւից ընկած լրագրողներս մոռանում ենք. մեր երկրի ողջ ընթացքը, բոլոր իրադարձությունները, բոլորի ջանքերն ուղղված են սոսկ մի բանի՝ ընտրություններին: Այդ մասին, դիտմամբ թե պատահմամբ, երեկ հայտարարել է նաեւ ԱԺ հեռացող նախագահը՝ ասելով. մենք հիմա պետք է կենտրոնանանք ընտրությունների վրա: Թե ինչու պետք է 6-7 ամիս առաջ կենտրոնանան ընտրությունների վրա, ինչ կարիք կա, որ այդ կենտրոնացման համար ԱԺ նախագահը հրաժարական տա, եւ բոլոր կադրային շարժերը կատարվեն այդ տեսանկյունից, պարզ չէ: Սա նշանակում է, որ ԱԺ նախագահի, ոստիկանապետի, փոխվարչապետի եւ այլ պաշտոններ կարեւոր դերակատարում ունեն ընտրությունների փուլում: Բացի այդ՝ սա խոսում է նաեւ այն մասին, որ իշխանությունները եւ մասնավորապես Սերժ Սարգսյանը մտավախություններ ունեն առաջիկա ընտրությունների հետ կապված, եւ քանի որ գերխնդիրը վերարտադրվելն է, ամեն ինչ անում են այդ խնդրի լուծման համար: Եվս մի հետեւություն. կադրերի ընտրության հարցում Սերժ Սարգսյանն առաջնորդվում է դավաճանությունը բացառելու սկզբունքով. նրանք, ովքեր կարող են անցնել Ռ. Քոչարյանի ճամբարը, պետք է հեռանան: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կլուծվի նաեւ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հարցը: Ըստ ամենայնի, այս փոփոխություններով Սերժ Սարգսյանն ամրացնում է իր դիրքերը, որ կոալիցիայի քանդվելու պահին հնարավոր ուժեղ լինի: