Թատրոն ու կառափնարան

Թատրոն ու կառափնարան
Բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների ու պաշտոնանկությունների այս շքերթը ոմանց հրճվանք, մյուսներին՝ հույս, երրորդներին՝ խուճապի է մատնել: Շարքային մարդկանց մի մեծ խավ մի տեսակ արյան ծարավ, թե վրեժի զգացում ունի պաշտոն զբաղեցնողների նկատմամբ: Սրանք իրենց բոլոր անհաջողությունների պատճառը համարում են «պադավատներով» ման եկող այդ տզրուկներին, որոնք ժողովրդի արյունն են ծծում եւ ուրախանում են, երբ նրանց գահընկեց են անում: Մյուս շերտը նրանք են, ովքեր հույս ունեն, որ տեղ բացվելու պարագայում մի օր իրենց էլ հերթ կհասնի: Միջին չինովնիկներ, տարբեր պատճառներով ասպարեզից դուրս մնացած, անգամ չկայացած անձինք, որոնք պաշտոն զբաղեցնելու եւ կյանքը «վայելելու» հույսը դեռ չեն կորցրել: Մյուսներն այն մարդիկ են, ովքեր այս ամենին հետեւում են որպես ուշագրավ շոու, թատրոն, որտեղ իրենք սոսկ հանդիսատեսի դերում են՝ երբեմն անհաղորդ, երբեմն ամեն ինչից զզված, երբեմն էլ ձեռքները զենք առնելու պատրաստ: Ամենից բարդը մյուս խմբի վիճակն է, ովքեր ամեն օր ահուդողով սպասում են, որ պաշտոնանկության հերթն իրենց է հասնելու: Ովքեր վախենում են անգամ իրենց կանանց հետ անկողնում անկեղծանալուց: Ովքեր լարախաղացի նման մանեւրում են իշխանական այս ու այն թեւի, այս ու այն պաշտոնյայի միջեւ՝ փորձելով ջրի երեսին մնալ եւ, ամենակարեւորը՝ Սերժ Սարգսյանի զայրույթին չարժանանալ: Այս խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ դժվար է կանխատեսել, թե «շեֆն» ինչից կզայրանա, եւ որն է այն սահմանը, որը չի կարելի անցնել: Գագիկ Բեգլարյանից եւ Ալիկ Սարգսյանից հավատարիմ մարդիկ Սերժ Սարգսյանի կողքին, թերեւս, չկային: Պակաս նվիրված չէին նաեւ Հովիկ Թամամյանն ու Մարգար Օհանյանը: Որտե՞ղ են հիմա նրանք: Այնպես որ ոչ ոք ապահովագրված չէ: