Լավագույնի ու վատագույնի արանքում

Լավագույնի ու վատագույնի արանքում
Մեր լրագրողների փայլող աչքերից հասկանալի է, որ հետաքրքիր է դառնում աշխատելը: Պաշտոնաթողությունների առաջացրած աժիոտաժը թեեւ ինչ-որ տեղ հիվանդագին երեւույթ է, բայց, ամեն դեպքում, ճահիճն ու անշարժությունն ավելի վատ են, քան անհասկանալի ու արագընթաց փոփոխությունները, ինչին ականատես ենք լինում վերջին օրերին: Երեկ հրաժարական տվեց ՀՀ նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը: Հրաժարականն անսպասելի էր, բացատրությունն, ինչպես Հովիկ Աբրահամյանի պարագայում, անհամոզիչ: Ի՞նչ է նշանակում՝ 8 ամիս առաջ գնում ենք նախընտրական շտաբում աշխատելու: Ինչո՞ւ պետք է երկիրը 8-10 ամիս շարունակ լինի ընտրությունների թոհուբոհի մեջ: Երեկ Միքայել Մինասյանը փորձել էր քիչ թե շատ ընդունելի բացատրություն տալ այս քայլին. «Հանրապետության նախագահը տրամադրված է լավագույն ընտրությունների անցկացման: Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովել նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլեւ նպաստել այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած եւ վստահորեն դեպի ապագա նայող: Իսկ դրա համար այսօր արդեն ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները»: Ազնիվ նպատակ՝ կասեր ընկերներիցս մեկը: Տարիներ շարունակ վատագույն ընտրություններ արած երկրում գերնպատակ է հայտարարվում «լավագույն ընտրություններ» անցկացնելը: Եթե դա չի նշանակում խորհրդարանի 90 տոկոսը հանձնել Հանրապետականին: Եթե դա բացառելու է ծեծուջարդը, լցոնումը, փող բաժանելը, մարդկանց վախեցնելն ու սպառնալը, ապա կարելի է ողջունել այս հրաժարականները եւ անգամ խրախուսել նորերը: Բայց արդյո՞ք Հովիկ Արգամիչն ընդունակ է նորմալ ընտրություններ անցկացնելուն, իսկ Միքայել Մինասյանն ընդունա՞կ չէ ընտրությունները կեղծելուն: 8 ամիս մնաց՝ կտեսնենք: