Տարեդարձ է այսօր

Տարեդարձ է այսօր
Չգիտեմ քանի օր կամ շաբաթ է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նշում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակը եւ գահակալության 12-րդ տարեդարձը: Իսկական համազգային տոնի վերածեցին այս իրադարձությունը: Իսկ երեկ ողջ իշխանական էլիտան նախ Էջմիածնում էր այս առիթով պատարագի մասնակցում, ապա Օպերային թատրոնում հանդիսավոր նիստով նշում էր դարիս իրադարձությունը: Չգիտես ինչու, հիշողությանս մեջ չկարողացա փորփրել նախկին կաթողիկոսների հետ կապված նման տոնախմբություններ: Մեր հոգեւոր առաջնորդները, համենայնդեպս գոնե Վազգեն Ա-ն եւ Գարեգին Ա-ն, բավական համեստ մարդիկ էին, եւ չեմ կարծում, թե թույլ կտային իրենց անձի շուրջ նման շքեղ հանդիսություններ կազմակերպել: Խնդիրն անգամ դա էլ չէ, այլ այն, որ նույնիսկ կաթողիկոսի ծննդյան արարողությունը փորձում են ինչ-որ նպատակի ծառայեցնել: Տվյալ դեպքում, թերեւս, Եկեղեցու խախտված հեղինակությունը վերականգնելուն: Ակնհայտ է, որ Էջմիածին կատարած այցելությամբ, Օպերայում կազմակերպված հանդիսությամբ եւ շնորհավորական փառահեղ ելույթով տեր եւ տիկին Սարգսյանները փորձել են ընդգծել հոգեւոր առաջնորդի եւ Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում: Կարելի էր ողջունել այս նախաձեռնությունը, եթե չլիներ մի «բայց»: Խոսքն այն մասին է, որ ոչ մի միջոցառում չի կարող բարձրացնել որեւէ կառույցի կամ անձի հեղինակությունը, եթե այն չկա, կամ եթե տվյալ կառույցն ու անձինք ամեն ինչ անում են այդ հեղինակությունը նվազեցնելու եւ հարյուրամյակների հարգանքն ու հավատքը նսեմացնելու համար: Չափազանցնո՞ւմ եմ: Նորից ակնարկում եմ «բենթլիներն» ու մյուս աշխարհիկ «կայֆե՞րը»: Գուցե: Բայց միշտ էլ հեղինակությունը կորցնելը շատ ավելի դյուրին է եղել, քան նվաճելը: