Կալանք «Հրապարակի» դրամական միջոցների վրա

Կալանք «Հրապարակի» դրամական միջոցների վրա
Մինչ Սահմանադրական դատարանը պատրաստվում է քննել օմբուդսմենի հայցը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով, ընդհանուր իրավասության դատարաններում շարունակվում է խոսքի ազատությունը ճնշելու փորձերը: Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը հերթական չպատճառաբանված որոշումն է կայացրել եւ «Հրապարակի» դրամական միջոցների վրա արգելանք է դրել: Փաստաբան Արթուր Գրիգորյանը «Հրապարակի» դեմ ուղղված դատական հայցում 18 միլիոն դրամի վնասի հատուցման պահանջ է ներկայացրել եւ միաժամանակ պահանջել է այդ չափով արգելանք դնել օրաթերթի դրամական միջոցների, գույքի եւ «Արթուր Գրիգորյանի մասին տեղեկություններ տարածելու իրավունքի վրա»: Դատավորը, որը վարույթ է ընդունել Գրիգորյանի հայցը՝ առանց պետտուրքի վճարման, թերեւս համարելով, որ նա սոցիալապես անապահով է եւ կարելի է տարժամկետել պետտուրքի վճարումը, բավարարել է թերթի դեմ ուղղված այս պահանջը եւ 18 միլիոն դրամի չափով արգելանք է դրել թերթի դրամական միջոցների վրա: Ինչը նշանակում է, որ օրաթերթը չի կարողանալու տնօրինել իր դրամական միջոցները, չի կարողանալու վճարել տպագրական ծախսերը, աշխատավարձ եւ այլն: Ինչն էլ նշանակում է, որ «Հրապարակի» տպագրությունը կարճ ժամանակ անց կանգ կառնի: Ի դեպ, լրատվամիջոցների դեմ ուղղված մյուս բոլոր դատական հայցերի քննությունն այս օրերին դատարաններում կասեցվում կամ հետաձգվում են, քանի որ ՍԴ-ն քննում է այս խնդիրը: Նկատենք նաեւ, որ նախկինում մեկ-երկու փորձ է եղել թերթերի դրամական միջոցների նկատմամբ արգելանք սահմանելու, ինչը քննադատության է արժանացել միջազգային կառույցների ու դիտորդ- փորձագետների կողմից եւ գնահատվել որպես ազատ խոսքը սահմանափակելու անթույլատրելի փորձեր: Ապա հենց նույն դատարանների կողմից այդ արգելանքներն արագությամբ վերացվել են: Զարմանալի է, որ մեր դատավորները կարող են այսպես հետեւողականորեն անտեսել օրենքը եւ միջազգային իրավունքի նորմերը: