Հերթական կալանքը

Հերթական կալանքը
Երեկ «Հրապարակի» բանկային հաշվի վրա հերթական կալանքը դրեցին: Ինչպես ուռին ու բարդին... մամուլն ու դատական համակարգն ապրում են բոլորովին այլ չափանիշներով, բոլորովին այլ հայաստաններում: Մեր Հայաստանում մի քանի օր անց սպասվում է Սահմանադրական դատարանի վճռորոշ նիստը, որի ժամանակ որոշվելու է՝ արդյո՞ք համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը ՀՀ Սահմանադրությանը: Իսկ ո՞րն է դատավորների Հայաստանը: Այստեղ բոլորովին ուրիշ վիճակ է՝ 37 թվից քիչ տարբերվող, չկա ոչ անկախ դատական համակարգ, ոչ Սահմանադրական դատարան, ոչ ազատ լրատվամիջոցներ: Իսկ խոսքի ազատությունը եվրոպական երկրներին բնորոշ ավելորդություն է, որից պետք է շուտափույթ ազատվել: Այստեղ լրատվամիջոցի դրամական միջոցների վրա կալանք դնելը հինգ րոպեի գործ է: Եվ ոչինչ, որ այդ կալանքը նշանակում է պարզապես արգելել այդ լրատվամիջոցի գործունեությունը: Իսկ գուցե ավելի՞ լավ: Ասենք՝ իշխանությունը կգնահատի նման որոշում կայացրած դատավորի ծառայությունը եւ առաջ կքաշի: Ինչ վերաբերում է կոնկրետ որոշմանը. փաստաբան Արթուր Գրիգորյանը 18 միլիոն դրամի պահանջ է ներկայացրել «Հրապարակին»՝ մի հոդվածի տակ ընթերցողների գրած քոմենթների համար: Եվ պահանջել է, որպես հայցի ապահովման միջոց, կալանք դնել մեր գույքի, հաշվի եւ այս թեմայով «տեղեկություններ տարածելու իրավունքի վրա»: Դատավոր Գագիկ Խանդանյանը վարույթ է ընդունել այս անհեթեթ հայցը, որի հայցագումարը հայցվորը ստացել է 6 արտահայտությունները 3-ական միլիոնով բազմապատկելով: Ավելին՝ դատարանը տարժամկետել է պետտուրքի վճարումը (փաստաբանն անապահով է) եւ 18 մլն դրամի չափով կալանք է դրել մեր հաշվի վրա (իսկ «Հրապարակը»՝ շատ հարուստ): Ինչպես անվանել այս որոշումը, եթե ոչ ոտնձգություն մամուլի նկատմամբ: