Կհաջողվի՞ արդյոք

Կհաջողվի՞ արդյոք
Կհաջողվի՞ արդյոք մեր պատմության մեջ ամենաթափանցիկ ու ամենամաքուր ընտրությունները կազմակերպել 2012-ին՝ այնպես, ինչպես հայտարարում են մեր պետական այրերը: Կհաջողվի՞ արդյոք թոթափել մեկ տասնամյակից ավելի արմատացած ավանդույթները եւ քաղաքակիրթ ազգերի նման ընտրություններ անցկացնել: Ասենք՝ մայիսյան մի արեւոտ օր ՀՀ քաղաքացին՝ տոնական հագնված, բարձր տրամադրությամբ դուրս գա տնից, գնա ընտրատեղամաս, վերցնի քվեաթերթիկն ու առանց վախի, առանց զգուշանալու, գիտակցված դնի իր «պտիչկան»: Հետո քվեաթերթիկը գցի քվեատուփն ու հանգիստ խղճով գա տուն՝ վստահ, որ իր ձայնը տեղ է հասնելու, ոչ մի Վլե կամ Խդո քվեատուփը չեն լցոնելու, կարուսելներ չեն կազմակերպելու եւ գազելներով մարդկանց բերման չեն ենթարկելու, ու ոչ մի ընկեր Գասպարյան թվեր չի նկարելու, ոչ մի Գ. Ազարյան կեղծ թվեր չի հայտարարելու: Հնարավոր կլինի՞ այնպես անել, որ ընտրությունը չդառնա կենաց-մահու պայքար, ազգն ու ընտանիքները պառակտող գործընթաց, իսկ հետընտրական պրոցեսները՝ քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու շարունակական հանրահավաք-նստացույցների դաժան ընթացք: Կկարողանա՞ն իշխանությունները եւ հանրությունը մի անգամ «ջենտլմենական» պայմանավորվածության հանգել, որ առաջինները չեն կեղծում, երկրորդները՝ չեն կաշառվում: Եվ որոշում են այնպիսի ընտրություններ անցկացնել, որ անգամ ամենաանհավատները հավատան դրանց արդյունքներին, որ ոչ ոք չսպասի միջազգային դիտորդների կարծիքներին ու հույսը չդնի պրեսկոտների զեկույցների ու հայտարարությունների վրա: Կունենա՞ իշխանությունն այդքան համարձակություն, իսկ հասարակությունն այդքան կամք, որ մի անգամ որոշի ու անի: Ուզում եմ հավատալ, որ՝ այո: Բայց եւ վախենում եմ հերթական անգամ սխալվելուց: