Նոր սկզբի առջեւ

Նոր սկզբի առջեւ
Երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը խուճապի է մատնել բոլոր նրանց, ովքեր շարունակում էին առաջիկա խորհրդարանում պատգամավորական մանդատ ստանալու հույսեր փայփայել: «Այո, մենք կանգնած ենք նոր սկզբի առջեւ: Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»,- երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Այն գործարարները, ովքեր այսօր պատգամավորական մանդատ ունեն եւ դեմ չեն շարունակելու իրենց օրենսդրական գործունեությունը, մտավախություն ունեն, որ Սարգսյանը փորձում է դրանով իրենց հասկացնել, որ պատգամավոր դառնալու հույսեր չունենան: Բայց եթե նախագահն իսկապես հետեւողական է լինելու իր հայտարարությանը, ապա մտավախության հիմք պետք է ունենան ոչ միայն պատգամավորները: Հայաստանում դժվար է գտնել պետական մի պաշտոնյա՝ բարձրաստիճան կամ նույնիսկ ոչ այնքան, որը սեփական բիզնես (ներ) չունենա՝ սկսած նախարարությունների ու գերատեսչությունների աշխատակիցներից, վերջացրած ոստիկանապետներով, դատախազներով եւ մյուսներով: Եվ եթե նախագահն իսկապես այդ բիզնեսմեն պաշտոնյաներին որոշի տարանջատել պետական պաշտոններից, ապա դժվար է անգամ հաշվել, թե ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի քանի նիստ կպահանջվի բոլոր այդ պաշտոնանկությունների շուրջ որոշումներ կայացնելու համար: Չնայած, մյուս կողմից, գործարար պաշտոնյաներն անհանգստանալու այնքան էլ լուրջ պատճառ չունեն. այս տիպի հայտարարություններ բազմիցս են արվել, դրա մասին նույնիսկ Սահմանադրությունում է գրված, ու, չնայած դրան, եւ բիզնեսն է ծաղկում, եւ պաշտոնն է հաստատուն: Այնպես որ սա էլ կարող է հերթական ակցիան լինել, որն ինչ-որ ժամանակ անց կանցնի պատմության գիրկը: