Մեդալ ու քծնանք

Մեդալ ու քծնանք
Դեռ չի հասցրել Տարոն Մարգարյանը դառնալ Երեւանի քաղաքապետ, արդեն քծնանքի ու մեծարման դաշտում է հայտնվել: Երեկ նրան միանգամից 2 մեդալ են տվել: Մեկը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից, մյուսը՝ Հայաստանի համայնքների միության: Ազգային ժողովի հեռացող նախագահն ապագա քաղաքապետին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Իսկ Համայնքների միության նախագահը՝ անվանական ոսկե հուշամեդալով: Գնահատել են, այսպես ասած, նրա ներդրումը տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման եւ 15-ամյա գործունեության ասպարեզում: Իսկ ինչո՞ւ նոյեմբերի 10-ին, քանի որ այն, պարզվում է, Տեղական ինքնակառավարման օրն է: Բայց դե նպատակն ավելի քան պարզ է՝ Երեւանի քաղաքապետից ակնկալիքները մեծ են: Հազար հարց, հազար խնդիր: Հենց այսպես էլ «փչացնում ենք» մեր չինովնիկներին: Նշանակման իսկ օրից նրանց ներշնչում, որ պաշտոնը ոչ թե տքնաջան աշխատանք է, ծառայություն, թուք ու մուր, անքուն գիշերներ ու դժվար լուծվող խնդիրներ, այլ համատարած վայելք, հաճույք, դափնիներ ու մեդալներ: Քծնանք ու հաճոյախոսություններ: Այ, երբ կզրկվես պաշտոնից, նոր միայն կիմանաս, թե ինչ սխալներ ես գործել, ինչում ես թերացել ու վրիպել: Եվ հենց հասարակության այս վերաբերմունքն է պատճառը, որ մեր չինովնիկները նշանակման պահից ընդամենը ժամեր անց կորցնում են իրականության զգացումը, մեծամտանում ու հոռանում: Իսկ շրջապատը պատերի տակ բամբասում է, փնովում, բայց երեսին ժպտում ու մեծարում, հիանում «շեֆի» խելքով ու անթերի աշխատանքով: Եվ քանի որ Տարոն Մարգարյանը երիտասարդ է եւ անփորձ, թերեւս պաշտոնի «ծանրությանը» դժվար դիմանա: Այս պարագայում միակ վտանգը, որ պաշտոնյաներին սպառնում է, մամուլն է, որի բերանը փակելով էլ այսօր զբաղված են մեր չինովնիկները: