Նիկոյանի թեկնածությունն ընդունելի չէ՞

Նիկոյանի թեկնածությունն ընդունելի չէ՞
ԱԺ-ում երեկ խորհրդավոր մթնոլորտ էր. հրաժարական էր տալիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այդ դարակազմիկ իրադարձությանը ներկա լինելու համար ԱԺ էին եկել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, Սաշիկ Սարգսյանը եւ շատ այլ պատգամավորներ, որոնք միայն հրաժարականի արարողությանը ներկա գտնվելու համար էին եկել ԱԺ: Հովիկ Աբրահամյանն ասաց. «Դուք արդեն գիտեք, որ գալիք ընտրություններում ես գլխավորելու եմ մեր կուսակցության շտաբը եւ արդեն իսկ հայտարարել եմ, որ այդ կարեւոր գործին նախապատրաստվելու համար որոշել եմ վաղաժամ վայր դնել խորհրդարանի նախագահի իմ լիազորությունները»:



«Կարծում եմ` բոլորին էլ հասկանալի է, որ մեր երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, ընտրություններ, որոնք բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը բոլորիս եւ հատկապես իշխանությունների պատվի գործն է: Ես պատահաբար չեմ օգտագործում «բոլորիս» բառը, քանի որ  ընտրությունների ցանկացած բացասական հետեւանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլ ամբողջ երկրի հեղինակությանը»:



Բայց Աբրահամյանը շարունակելու է մնալ պատգամավոր, վայր չի դնելու մանդատը: Հրաժարականի ելույթը պատգամավորներն ընդունեցին ծափողջույններով: Շնորհակալություն հայտնելով պատգամավորներին` Աբրահամյանը մի քանի րոպե նստեց ԱԺ նախագահի իր տեղում, հետո հավաքեց սեղանի վրայի թղթերն ու հեռացավ դահլիճից: Որոշ ժամանակ անց հեռացավ նաեւ ԱԺ շենքից, թերեւս գնաց գտնելու ՀՀԿ շտաբը:



Մինչ այդ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ԱԺ ամբիոնից արձագանքեց Աբրահամյանի հրաժարականին. «Չենք կարող հերքել, որ Ձեր նախագահության օրոք եղել են դեպքեր, երբ իսկապես Ազգային ժողովը փորձել է իրեն պահել որպես օրենսդիր մարմին: Այնուամենայնիվ, «Ժառանգության» համար նաեւ անհասկանալի եւ անընդունելի են նման կարգի փոփոխությունները ղեկավար պաշտոններում, երբ ակնհայտորեն Ազգային ժողովի ղեկավարության վերաբերյալ որոշումները կայացվում են այս դահլիճի պատերից դուրս»:



Երեկ արդեն ԱԺ ՀՀԿ խմբակցության նոր սենյակում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում. ասում են՝ այստեղ Հովիկ Աբրահամյանն է նստելու: Ի դեպ, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանի թեկնածությունը ոչ բոլոր ՀՀԿ-ականների համար է ընդունելի: