Ազատվեք սրանցից

Ազատվեք սրանցից
Մինչ ԲՀԿ-ն ամբողջ ներուժն օգտագործում է, թվում է, մի փոքրիկ Իջեւան քաղաքում հաղթանակի հասնելու համար, ՀՀԿ կարկառուն անդամներից մեկը հարձակվում է գործարար կնոջ վրա, որը համարձակվել է իր հասցեին մի երկու թթու խոսք ասել, ու աքացիներով փորձում հաշվեհարդար տեսնել: Մեր իշխանավորների դժբախտությունն այն է, որ սրանք ոչ բարձրորակ ու անփոխարինելի մասնագետներ են, ոչ գրագետ ու կրթված գործիչներ, ոչ իրենց գործի նվիրյալներ, ոչ հայրենիքի նկատմամբ սիրով տոգորված անձինք, ոչ երկրի նորմալ քաղաքացիներ, ոչ էլ անգամ տղամարդկային որակներով փայլող անհատներ: Միայն թույլ ու նվաստ մեկը ձեռք կբարձրացնի կնոջ վրա: Միայն խեղճ ու ողորմելի իշխանությունը նման մեկին կհանդուրժի իր մեջ: Սրա նմանների վրա հույսը դրած իշխանությունը կանխավ պարտված է, քանզի ոչ մի ծառայություն, ձայների ոչ մի քանակ չի կարող փոխհատուցել այն վնասը, որ սրա նմանները տալիս են նույն այդ ՀՀԿ-ին ու նրան հանդուրժող նախագահին: Քիչ է մնում հայտնի ֆիլմից մեջբերես. սրա նմանները խայտառակում են ռեսպուբլիկան: Ազատվեք սրանցից: Եթե կարելի է ազատվել Հովիկ Աբրահամյանից: Եթե կարելի է ճանապարհել Կարեն Կարապետյաններին: Ո՞վ է Սուրիկ Խաչատրյանը, որ տարիներ շարունակ պետք է վարկաբեկի իր իսկ զբաղեցրած պաշտոնն ու մնա իր աթոռին: Հանուն ինչի՞: Ինչպե՞ս: Եվ եթե հայտնի գործարար կինն է այդքան անպաշտպան, որ օրը ցերեկով, մայրաքաղաքի կենտրոնում, բարձր համարում ունեցող հյուրանոցային հայտնի համալիրում կարող է ծեծի ենթարկվել, ինչքան անպաշտպան ու անօգնական են մեր երկրի մյուս քաղաքացիները, որոնք ամեն օր բախվում են գռեհիկ ու տգետ, վայրենի ու անպատիժ պաշտոնյաների, ոստիկանների, թաղապետների, մյուսների հետ: Հետո էլ զարմանում ենք, որ արտագաղթ կա: