Հերթական «կիսահղի» որոշումը

Հերթական «կիսահղի» որոշումը
Սահմանադրական դատարանի երեկվա վճռին ծանոթանալիս անմիջապես հիշեցի Գագիկ Ջհանգիրյանի թեւավոր դարձած խոսքը. «Ուզում է համ կույս մնալ, համ հաճույք ստանալ»: Դրա բազմաթիվ վարիացիաները կան հայ ժողովրդական բառ ու բանում, բայց այս մեկն ամենադիպուկն է նկարագրում իրավիճակը: Ասենք, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է պատասխանում Գագիկ Հարությունյանը, երբ նրա կինը որեւէ պարզ ու միանշանակ պատասխան ենթադրող հարց է տալիս: Ասենք, հարցնում է. «Քաղցա՞ծ ես»: Նա հավանաբար պատասխանում է. «Հաց չեմ կերել, բայց քաղցած էլ չեմ: Ավելի շուտ՝ կերել եմ, բայց հաց չէր եւ կշտանալու համար չէր: Ուտելուն դեմ չեմ, բայց դա չի նշանակում, թե քաղցած եմ եւ ուտել եմ ուզում», եւ այլն, եւ այլն: Գագիկ Հարությունյանը թերեւս փիլիսոփայության մեջ հայտնի սոփեստների դպրոցի հետնորդներից է: ՍԴ լողացող, «կիսահղի» որոշումների պատճառով էլ սահմանադրական արդարադատությունը Հայաստանում չկայացավ եւ խանգարեց դատական համակարգի կայացմանն էլ, երկրի առաջընթացին էլ: Բոլոր այն պահերին, երբ ՍԴ-ն պետք է բախտորոշ վերդիկտով վճռեր մեր հետագա ընթացքը, նա մի «ոչ նալին, ոչ մեխին» լղոզած որոշմամբ երկիրը ետ է շպրտել առնվազն մի տասնամյակով: Բնականաբար, ամենաճակատագրականը եղել են ընտրությունների հետ կապված որոշումները, երբ ընտրական իրավունքի համար պայքարող մարդկանց հույսով է արել, թե՝ մեկ տարի հետո վստահության հանրաքվե կանեք եւ ձեր իրավունքը կիրացնեք: Իսկ իշխանությանն էլ հանգստացրել է, թե՝ մեկ տարում ամեն ինչ կփոխվի, եւ կկարողանաք իրավիճակը կառավարել: Սակայն 20 տարի շարունակ Հայաստանի պատմության մեջ իր չափազանց բացասական դերը խաղացած ՍԴ-ն զարմանալիորեն կարողացել է ներկայանալ օրինավորի իմիջով, իսկ նրա ղեկավարը՝ դրական կերպարով: