Այսքան ուրախ կյանքը մեր

Այսքան ուրախ կյանքը մեր
Հետաքրքիր ժամանակներ են՝ սուր, սկանդալային նյութեր գրելու համար առանձնապես պետք չի ջանք թափել: Սկանդալներն այնքան շատ են, որ անգամ չենք հասցնում դրանք արձանագրել: Չկա օր, որ մի զավեշտ, մի սենսացիա չլինի: Ընտրություններից վեց ամիս առաջ Ազգային ժողովի նախագահին ուղարկում են դեռ չձեւավորված շտաբում աշխատելու: Տասն ամիս հազիվ աշխատած քաղաքապետն ասում է՝ գնում եմ օտար երկրում ավելի բարձր վարձատրվող աշխատանքի, բայց նշանակումն ուշանում է: Երկրիս վարչապետը հարբած ելույթ է ունենում եւ հայտարարում, որ իր պապը խորհուրդ էր տալիս չխմող մարդկանց հետ ընկերություն չանել: Մարզպետը մայրաքաղաքի կենտրոնում օրը ցերեկով կին է ծեծում, եւ հաջորդ օրն իսկ բոլորը՝ անգամ դեպքին ներկա գտնված անձինք, պնդում են, որ նման բան չի եղել՝ «ստոր զրպարտություն է»: Եվ ամենամեծ զավեշտը սկսվում է դրանից հետո. բոլորը սկսում են քննարկել՝ ծեծե՞լ է, թե՞ չի ծեծել: Երեւի հիմա Սիլվա Համբարձումյանը մտածում է՝ կարո՞ղ է աչքիս է երեւացել: Իսկ երեկ ՀՀԿ պատգամավորներից մեկն ընդհանրապես ֆանտաստիկ հայտարարություն է արել. «Ես չեմ հավատում, որ Սուրեն Խաչատրյանը հենց այնպես հարվածել է... Նա հրաշալի հասկանում է, թե ում խփի եւ ինչի համար»: Եվ սա ասում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, որին քաղաքական գործիչ են անվանում, կարծեմ՝ նաեւ տղամարդ է: Բայց ակնհայտորեն նախնադարյան համայնական կարգերից դուրս չի եկել: Մտածում ես՝ սրանք ընտանեկան դաստիարակություն ստացե՞լ են, դպրոց գնացե՞լ են, տարրական կուլտուրան գիտե՞ն ինչ է: Երեւի սրանք բոլոր հարցերը բռունցքներով են լուծում, եւ կին ծեծելն առօրեական բան է սրանց կյանքում: Եվ միայն ենթադրել կարելի է, թե այդ դեպքում ինչ մեթոդներով են տղամարդկանց հետ հարցերը լուծում: