Պետք է բոյկոտել

Պետք է բոյկոտել
«Հայելի» ակումբ հասնելու համար, եթե իհարկե այնտեղ սպասվում են մամլո ասուլիսներում փոթորկվող հույզերն ու բուռն բանավեճերը, մեր խմբագրությունից, առանց ետ նայելու սուրճի բաժակից դեռ բարձրացող գոլորշուն, արագ դուրս գալ է պետք, այնուհետեւ, վստահելով ցաքուցրիվ միջանցքների ելումուտերին, արդեն սովորած բնազդին՝ թեքվել ձախ, կրկին թեքվել ձախ, ընթացքում շրջանցել հավերժ վերանորոգվող այս շենքի աղբակույտերը, հայտնվել Գուանտանամա հռչակավոր բանտի բաժիններից մեկին նմանվող սրահում եւ տեսնել «Հայելու» առջեւ խմբված լրագրողներին, լուսանկարիչներին, որոնք իրենց զենքերը պատրաստում են սպասվող մարտին: Երեկվա մամլո ասուլիսը հետաքրքիր էր, որովհետեւ մասնակիցներն էին երաժիշտ, երգահան Ռուբեն Հախվերդյանը եւ դերասան Սերգեյ Դանիելյանը` Յոժը:



Նրանք եկան ճիշտ ժամանակին, երբ արդեն լռությունն էր սպասում: Հախվերդյանը զարմացավ, թե ինչու է ակումբի սրահն այսքան բազմաշատ, եւ հրճվեց՝ տեսնելով աղջիկների ու կանանց մեջ առկայծող տղամարդկային դիմագծեր: Սերգեյ Դանիելյանը ներս մտավ ակումբ, հանեց գլխարկը, ձեռքերի մի քանի ակտիվ շարժումներով փարթամացրեց իր հայտնի մազերը ու, լրագրողներին ցաքուցրիվ հայացքներ նետելով, նստեց: Մամլո ասուլիսը դեռ չմեկնարկած՝ Հախվերդյանը գրպանից հանկարծ սրվակով օծանելիք հանեց եւ, թաթախելով ձեռնափի մեջ, շփեց այտերը:



Մամլո ասուլիսը խառնիխուռն անցավ: Խոսքը գնում էր այսօրյա քաղաքական իրավիճակի վերաբերյալ արվեստագետի մոտեցման ու դիրքորոշման մասին (ի դեպ, այս հարցադրումը եւ հարցադրման արդյունքները շատ ժամանակ լուծումներ չեն ունենում): Ռուբեն Հախվերդյանը ժողովրդին հորդորեց չընտրել ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ էլ Սերժ Սարգսյանին, չնայած այն բանին, որ ինքը երեքին էլ հարգում է, բայց ինչ վերաբերում է երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուն, նրանց ընտրել ուղղակի չի կարելի, պետք է ընտրվեն նոր մարդիկ, անկաշառ, չաղտոտված երիտասարդներ: Յոժն իր հերթին խորհուրդ տվեց չկաշառվել, չվաճառել սեփական ձայնը ու չերգել այստեղ-այնտեղ, ինչ-որ մեկի համար: Հետո խոսք բացվեց քաղաքի տեսքի մասին: Հախվերդյանը գռեհկություն համարեց ոչ վաղ անցյալում Մաշտոց փողոցի վրա տեղադրված մեծ գրող Վիլյամ Սարոյանի արձանի եւ տեսքը, եւ դիրքը, որ շնչում է մոտ հարեւանությամբ գտնվող Երվանդ Քոչարի տուն-թանգարանի նույն օդը: Դանիելյանն էլ հավելեց, որ ամանորյա ճերմակագույն ոչխարներին ու նմանատիպ արարածներին չարժեր շարել արձանների շուրջ եւ քաղաքի տարբեր հատվածներում` իբր քաղաքը սիրունացնելու նպատակով: Ռուբեն Հախվերդյանը հիշեցրեց Թեղուտի մասին եւ նշեց, որ ինքը մասնակցել է այնտեղ անցկացված բողոքի ցույցին, որ այսօր Թեղուտը ոչնչացնելով՝ մասնավոր անձինք այս երկրի հովանավորությամբ գերշահույթներ են ստանում: «Ես կանաչ եմ,-հայտարարեց Հախվերդյանը,- եթե որեւէ կուսակցության անդամագրվեմ, դա կլինի Կանաչների կուսակցությունը»: Բայց Հախվերդյանը նաեւ նշեց Հայ հեղափոխական դաշնակցության նկատմամբ իր համակրանքի մասին` փաստելով Վահան Հովհաննիսյանի ուռող չլինելու, բայց խմելու հանգամանքը: Նա ասաց, որ մշակույթի նախարարը պետք է կին լինի, այլ ոչ թե կնիկ, եւ վատ էլ չէր լինի, եթե ստանձներ  այդ պաշտոնը, ուղղակի ինքն էլ ուզած-չուզած կսկսեր լափել:



Այն հարցին, թե ինչպես պետք է արձագանքեն արվեստագետները ստեղծված իրավիճակին, Սերգեյ Դանիելյանն առաջարկեց բոյկոտել՝ ավելացնելով, որ արվեստագետը պետք է նաեւ չեզոք մնա այս ամենից: Մամլո ասուլիսի ընթացքում պարզ դարձավ նաեւ մի երկու ոչ արվեստագիտական անուն, Հախվերդյանը զարմանքով հնչած նույն հարցն ուղղեց ներկաներին, թե արդյոք Մերուժան Տեր-Գուլանյանը կամ Զորի Բալայանն իրավունք ունե՞ն կոչվելու արվեստագետ` այս պարագայում հիշեցնելով հետույքի եւ օճառի դերի ու նշանակության մասին եւ ընդհանրապես «այսպիսի գորշություն եւ անտեղյակություն մեր իշխանավորների կողմից դեպի մշակույթը չեմ կարծում, թե երբեւէ եղել է»,- հավաստեց Հախվերդյանը: Եվ ասուլիսում հնչեցին էլի հետաքրքիր բաներ, վերջում հետագա գործունեությունների մասին խոսելով` Հախվերդյանն ասաց, որ պատրաստվում է թողարկել երկու նոր ձայնասկավառակ, եւ հիմա աշխատանքներ են տարվում դրանք կյանքի կոչելու համար, իսկ Սերգեյ Դանիելյանը կփորձի այս տարի ներկայացնել իր ռեպերտուարը եւ կշարունակի խաղալ արդեն հայտնի իր Ջեմիկին: