«Գեներալի աղջիկն» ու Էլբակյանները

«Գեներալի աղջիկն» ու Էլբակյանները
Երկու տարի անվերջ ընթացող «Աննա» սերիալին այս տարեսկզբին Հ1-ի եթերում փոխարինելու եկավ «Գեներալի աղջիկը» սերիալը, որն առայժմ հետաքրքիր է նրանով, որ սերիալում խաղում են Արմեն եւ Աննա էլբակյանները: Իսկ թե քանի տարի այն եթերում կլինի, ու քանի ամիս Էլբակյանները կշարունակեն հանդիսատեսի համար լինել հետաքրքիր նույնքան, որքան բեմում՝ դեռ հարց է, որն ավելի պարզ կդառնա ժամանակի ընթացքում:



- Աննա, ժամանակին սերիալներում խաղալու բոլոր առաջարկները մերժում էիք, բայց կարծես Դուք էլ նահանջեցիք ու հիմա Ձեր ամուսնու` Արմեն Էլբակյանի հետ խաղում եք «Գեներալի աղջիկը» սերիալում: Համաձայնեցիք, որովհետեւ մեծ հոնորարնե՞ր են առաջարկել:



- Բոլորովին: Այն մարդիկ, որոնք ինձ ճանաչում են, գիտեն, որ իմ համաձայնել-չհամաձայնելու սկզբունքները շատ են տարբերվում ու ադեկվատ չեն, որովհետեւ կարող է շատ մեծ գումար առաջարկեն՝ ես չանեմ դա, եւ հակառակը՝ հանկարծ որոշեմ ինչ-որ բան անել, որովհետեւ զգում եմ, որ հիմա ժամանակն է: Ոչ նրա համար, որ գումարը մեծ է կամ փոքր. նախ նրա համար, որ թատրոնում ես հիմա այդքան շատ չեմ խաղում եւ ֆիլմերից էլ եմ հրաժարվել, որովհետեւ կամ թեման, կամ այդ դերը, ինչ որ իրենք նկարում են, ինձ չի հետաքրքրել: Ու դա մեծամտություն չէ: Հարցը նրանում է, որ ի վերջո ես հասկացա, որ մենք բոլորս իրար հետ ապրում ենք, ես չեմ կարող առանձնանալ այն մարդկանցից, որոնց հետ նույն քաղաքում ապրում եմ, եւ ինչ-որ էլիտար բաներ անել. ես էլի անում եմ ու շատ հետաքրքիր ներկայացում ենք պատրաստում:



- Ասացիք, որ համաձայնեցիք, որովհետեւ զգացիք, որ ժամանակն է, այսինքն սերիալների ժամանա՞կն է եկել:



- Ուղղակի ես իմ ներքին զգացողությամբ զգացի, որ ժամանակն է մի հատ իրար հետ ապրելու, իսկ սերիալն այնպես է, որ դու նախ ապրում ես մարդկանց տներում, իրանց կյանքի մի մասն ես կազմում, հետո՝ այս սերիալի վրա այստեղ շատ մեծ խումբ է աշխատում, եւ ես նրանց շատ սիրեցի ու որոշեցի իմ կյանքի մի մասն էլ ապրել նրանց հետ:



- Ամեն դեպքում, գումարային պահը որքանո՞վ է դեր խաղացել, ասացիք, որ թատրոնում քիչ եք խաղում ու շատ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներն էլ մերժում եք:



- Իմ կողմից չէ, օրինակ, եթե ես ապրեի առանց Արմենի, ու մենք չունենայինք ընդհանուր բյուջե, ու ես մենակ պահեի իմ ընտանիքը, ես կհամաձայնեի ավելի ինտենսիվ աշխատանքի, կգնայի գիշերը հաց էլ կթխեի, որովհետեւ ես աշխատանքից չեմ վախենում: Լավ է լավ ապրելը, բայց դա ինձ համար սկզբունքային չէ, հավատացեք՝ դա չէ պատճառն ինձ համար:



- Միանգամի՞ց համաձայնեցիք, թե՞ երկար են համոզել:



- Ուզում եմ անկեղծ լինել. սկզբից չենք համաձայնել, նույնիսկ դեմ ենք եղել, բայց էնպես ստացվեց, որ ասացի՝ Արմենը ոնց կասի, այնպես էլ կանեմ: Արմենն էլ ասաց` վերջ, որոշում-գնում ենք, ու էդպես որոշեցինք: Հետո մեր թատրոնի սայթի վրա գրում են արեւմտահայերը ու էնքան հետաքրքիր, նուրբ, խորը բաներ են գրում, որ ես հասկանում եմ՝ գուցե իրոք պետք էր: Սկզբից ինձ համար շատ դժվար էր. ո՞նց պիտի անեմ, երբեք չեմ արել, որովհետեւ ինքը ոչ լուրջ կինո է, ոչ թատրոն է, բայց ինքը մարդկանց կյանքի մեջ ինչ-որ հոգեւոր, ինչ-որ ուրիշ բան փոխող բան է, որովհետեւ ինքն անընդհատ է, քանակի մեջ է փոխվում:



- Աննա, սերիալը Ձեր` Էլբակյանների անունից հաստատ կշահի, բայց չե՞ք կարծում, որ գուցե ժամանակի ընթացքում սերիալի պատճառով Ձեր հեղինակությունն էլ տուժի: Հաշվարկե՞լ եք այս պահը:



- Շատ լավ հարց եք տալիս, բայց դերասանը երբ կանգնում է իր դերասանական կյանքի առաջ, ինքը պիտի որոշի, որ իր կյանքում երբեք չեն լինելու վերելքներ, ինքն այդ ճանապարհին մեկն է, որին բոլորը նայում են: Եթե դերասանը մտածի, որ իր կյանքում միայն վերելքներ են լինելու, ինքը սրընթաց կընկնի, եւ ոչ էլ իմ տարիքն է, որ ես մտածեմ՝ միայն վերելքներ լինի, ես ուղղակի թեւերս քշտած անում եմ էն, ինչ որ կարողանում եմ:



- Բայց քանի որ սերիալը նաեւ թիմային աշխատանք է, շատ դեպքերում ինչքան էլ դուք ձեր աշխատանքը փայլուն անեք, իսկ սցենարը կամ ռեժիսուրան կաղի,  մեխանիկորեն դուք էլ եք հարվածի տակ ընկնելու:



- Ճիշտ եք ասում, բայց թիմային աշխատանքը մեզ մոտ նոր է սկսվում, ինչքան էլ որ շատ են նկարում սերիալներ, բայց մեզ մոտ կան բազում խնդիրներ, ինքն ընթացք է եւ պահանջում է անընդհատ աշխատանք: Կարծում եմ, որ լավ իմաստով մենք իրար կսնենք: Ես հիմա չեմ գնացել, որ վերեւից աստղեր իջեցնեմ, ես անում եմ իմ գործը:



- Իսկ եղածից գո՞հ եք: Այս ընթացքում դիտողություններ եղե՞լ են ձեր կողմից:



- Քանի որ դեռ շատ չի գնացել, կարծում եմ եւ ուզում եմ հավատալ, որ եթե ժամանակի ընթացքում լինեն նման դիտողություններ, հաշվի կառնեն: