Փորձությունից՝ ուժեղացած

Փորձությունից՝ ուժեղացած
Ընտրությունները փորձություն են բոլորիս համար՝ իշխանության, ընդդիմության, ընտրական հանձնաժողովների անդամների, լրագրողների, ընդհանրապես՝ հասարակության: Նա, ով այս փորձությունից պատվով դուրս կգա, չի կորցնի իր դեմքը, փառք ու պատիվ նրան: Կկարողանա՞ իշխանությունը ձեռնպահ մնալ կեղծիքներ անելու գայթակղությունից, երբ նման հարուստ փորձ ու մեխանիզմներ կան ձեւավորված: Կհանդգնե՞ն արդյոք ընտրական հանձնաժողովների անդամները դիմադրել կեղծիքներ անելու պահանջներին եւ հրաժարվել փող աշխատելու այդ պղտոր ու մեկանգամյա հնարավորությունից: Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունն արժանապատիվ պայքար ծավալել՝ ոչ թե հիստերիկ ճղճղոցների, այլ կազմակերպված ու կուռ համակարգի միջոցով: Դժվար է ասել: Երեկ իմ կողմից խիստ հարգելի մի անձնավորություն հետաքրքիր դիտարկում արեց Հայ ազգային կոնգրեսի մասին: Ասաց՝ սա փողոցային պայքարի համար ստեղծված համակարգ է, ընտրությունները սրա համար նույնն են, ինչպես գետնախորշում ապրող վիշապին լույս ցույց տաս: Չի բացառվում, որ «լույսից» նրա բոլոր զգայարաններն ու ամբողջ համակարգը քայքայվեն: Իսկ դա նշանակում է, որ առնվազն 7-8-10 տարի մենք չենք ունենա կազմակերպված ընդդիմադիր ուժ: Այո՝ հոդվածներ կգրենք, ելույթներ կունենանք, բայց որեւէ ուժ, որը համախմբի հասարակության դժգոհ հատվածին, առաջնորդի, ցույց տա իր անելիքը, ստիպի իշխանությանը հաշվի նստել իր հետ՝ չի լինի: Եվ իսկապես. եթե ետ նայենք, ապա մինչ 2007 թիվը Հայաստանը չուներ համախմբված ընդդիմություն, եւ ՀԱԿ-ի ստեղծումը, որի տանիքի տակ հավաքվեցին մեծ թվով մարդիկ, եւ հասարակությունն էլ ի դեմս նրա տեսավ պայքարի առաջամարտիկի, մեր իրականության մեջ աննախադեպ էր: Հուսանք ընտրությունների «լույսը» ոչ թե կքայքայի, այլ ավելի կուժեղացնի նրան: