Հասունանում ենք

Հասունանում ենք
Ի՞նչ մի սարսափելի բան է եղել որ՝ տեսա՜ր դու. մի քանի պատգամավոր քվեարկել են մյուսների փոխարեն: Դրանք ի վերջո այն մարդիկ են, ովքեր կարող են բառերի փոխարեն բռունցքներով բացատրվել հասարակական վայրում, հենց նիստի ժամանակ իրար «հայվան» անվանել, ամիսներով խորհրդարան չգալ եւ կեղծ բժշկի թղթեր ներկայացնել, հինգ տարի խորհրդարանում նստել եւ ծպտուն չհանել: Շարքը կարող եք ինքներդ շարունակել: Այս որակի պառլամենտականների համար ձեռքը մի թեթեւ երկարացնելն ու հարեւանի կոճակը սեղմելն արդյո՞ք այնքան աննախադեպ բան է, որ այսպիսի աղմուկ է բարձրացել: Այս ամենի մեջ մի լավ բան կա՝ լրագրողական «աչքն» ամենահաս է դարձել եւ արձանագրում է ամեն ինչ: Իսկ ինտերնետը լրացնում է հեռուստատեսությունների անազատության բացը: Ինձ նաեւ ոգեւորեց այն եռանդն ու մերժողականությունը, որ դրսեւորում էին մարդիկ՝ ի տես այդ կադրերի: Սոցիալական ցանցերում ողջ օրը քննարկվող թեման դա էր: Հասարակության հասունացումը ժամ առ ժամ նկատելի է: Մնում է, որ այս մերժումը միս ու արյուն ստանա: Այսինքն մարդիկ, ովքեր վրդովված են այս կեղծ քվեարկություններից, հիշեն, որ, ասենք, այդ անողներից մեկը Հերմինե Նաղդալյանն էր, եւ նրան ձայն չտան: Ես կառաջարկեի, որ յուրաքանչյուր ընտրող իր համար մի քանի կարեւոր սկզբունք մշակեր եւ քվեարկելիս առաջնորդվեր դրանցով: Մեկի համար դա կարող է լինել, ասենք՝ ճամբարափոխ եղած մարդկանց ձայն չտալը: Մյուսի համար՝ որեւէ սկանդալային պատմության մեջ տվյալ անձի հիշատակված լինելը: Երրորդի համար՝ ընտրակաշառք բաժանելու փաստը եւ այլն: Ի վերջո, պետք է կապ հաստատվի հասարակության եւ ընտրությունների, մարդկանց կարծիքի եւ տվյալ գործչի վարքի, հասարակական վերաբերմունքի եւ պատգամավորության թեկնածուի անցյալի միջեւ: