Պարզ առեւտուր

Պարզ առեւտուր
Ինչպե՞ս կարելի է մի կողմից ամեն ինչ ծառայեցնել ընտրություններին՝ ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը, ասֆալտի ու բարեգործության, խոստումների ու հռետորական շնորհքի ողջ պաշարը, մյուս կողմից այդքան ոտնակոխ անել ընտրական գործընթացը՝ չթողնելով, որ մարդու տված քվեն տեղ հասնի, եւ հասարակությունն իշխանություն ձեւավորի: Երբեմն այն ջանքերը, որ գործադրվում են հանուն պատգամավորական մանդատի, ուղղակի զզվանք են առաջացնում: Երեկ Երեւանի քաղաքապետը հապճեպ փոխեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ Գագիկ Գյանջումյանին. նրան փոխարինեցին Արա Սադոյանով: Վերջինս հայտնի է միայն նրանով, որ Կենտրոնից ընտրված ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն է, որն էլ հայտնի է նրանով, որ պատրաստվում է կրկին առաջադրվել Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքում: Երբ թաղապետը հարազատ եղբայրդ է, ընտրվելու հավանականությունը մեծանում է, քանզի տվյալ համայնքի բնակչության վրա ճնշում գործադրելու հնարավորությունն է մեծանում: Երեկ արդեն Կենտրոն համայնքում ժրաջանորեն ընթանում էին ձյան մաքրման աշխատանքները: Հասկանալի է, որ ժամանակը կարճ է, եւ վարչական շրջանի ղեկավարը պետք է հասցնի ներկայանալ համայնքին, որ հետո խնդրելու-համոզելու-ճնշելու տեղ ունենա: Եվ պատահական չէ, որ մարդիկ էլ են հասկացել՝ նախընտրական շրջանում ձգտում են լուծել այն բոլոր խնդիրները, որոնք կախված են չինովնիկներից: Գրեթե ամեն օր լսում եմ՝ «էս երկու ամսում հարցս լուծեցի՝ լուծեցի, թե չէ ընդհանրապես չի լուծվի», ասում են մարդիկ ու ծեծում չինովնիկների դռները՝ «հարց լուծելու» դիմաց առաջարկելով իրենց ընտրական ծառայությունները: Դրա մեջ կարող են մտնել իր ու հարազատների ձայները, թաղում քարոզչություն անելը, վստահված անձ աշխատելը եւ այլն: Մի խոսքով՝ պարզ առեւտուր է գնում: