Հանրային շահը

Հանրային շահը
Երբ պետական գործիչը վախենում է շփվել մարդկանց հետ, որոնք իրեն ընտրել են, վատ է: Օրեր շարունակ Մաշտոցի այգում լուսացնող երիտասարդներն այս երկրի քաղաքացիներն են, մայրաքաղաքի բնակիչներ, որոնց դժվար է որեւէ պիտակ կպցնելն ու շահախնդրության մեջ մեղադրելը: Օրեր շարունակ նրանք մի բան են պահանջում. Տարոն Մարգարյան, դուրս արի քո ապարանքից ու համոզիր մեզ, որ մենք սխալ ենք: Ապացուցիր, որ քո ծրագիրն ավելի օգտակար է Երեւանին, քան մեր առաջարկածը: Բայց ժողովրդի «ծոցից» ելած (այդպես են, չէ՞, ասում նրա մասին) Տարոն Մարգարյանն այդպես էլ չբարեհաճեց գալ այգի ու երես առ երես հանդիպել նրանց հետ: Նա գերադասեց թաքնվել ոստիկանների թիկունքում եւ բավարարվեց իր ենթակաների գրած տեքստը տարածելով, որտեղ հերթական խոստումները հնչեցին ու հավաստիացումներն արվեցին: Անհամոզիչ ու կեղծ: Ի՞նչ է ասում պարոն քաղաքապետը: «Առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որեւէ զարգացում»,- ասում է նա: Իսկ ինչո՞ւ պետք է ոմանց սեփականության իրավունքը գերակա լինի հանրային շահին ու հասարակական պահանջին: Տարիներ շարունակ մենք՝ երեւանցիներս, զիջել ենք այդ չարաբաստիկ սեփականության իրավունքի առաջ, հանրային օգտագործման տարածքները «մատաղ արել» ոմանց որկորին: Հիշո՞ւմ եք, Մաշտոցի 7 հասցեի դիմաց մի հրաշալի պուրակ կար: Իբր Ժամանակակից արվեստի թանգարանն ընդարձակելու անվան տակ, Հենրիկ Իգիթյանի թեթեւ ձեռքով, այն զիջեցինք, եւ պարզվեց՝ ի՜նչ թանգարան, այստեղ խանութների շարք է լինելու: Հիմա էլ Մաշտոցի պուրակն են ոչնչացնում, եւ դրա համար «դոշ» տվողներից մեկը Հենրիկ Իգիթյանի եղբայրն է՝ Լեւոն Իգիթյանը, որը Երեւանի ավագանու անդամ է: Փաստորեն, մեզանում հանրային շահը ոտնահարողների կլաններ են ձեւավորվել: