Գներն իջել են

Գներն իջել են
Օրերս ապագա պատգամավորներից մեկի հետ զրույցից հետաքրքիր հետեւություններ արեցի, որ ուզում եմ ներկայացնել ընթերցողին: Խորհրդարանի հեղինակության անկումն ու պատգամավորի մանդատի արժեզրկումը հետաքրքիր մետամորֆոզներ է առաջացրել ընտրություն-ընտրովի մարմին դաշտում: Նախ, բոլորը միաբերան պնդում են, որ մեկ մանդատի ձեռքբերման վրա ծախսվող գումարի չափն է կտրուկ նվազել: Չէ, անշուշտ այս տարի էլ են փող բաժանելու եւ գումարներ ծախսելու, բայց դրանք էականորեն զիջելու են նախորդ ընտրությունների տաքսաներին: Այսօր պատգամավորական մանդատի ձգտող անձինք մի խնդիր են իրենց առաջ դնում՝ ստիպել իշխանությանը, որ իր համար ապահովի անայլընտրանք ընտրություն: Այսինքն՝ տարբեր ճնշումների ազդեցության տակ ուժեղ մրցակիցներին ստիպեն իրենց թեկնածությունը չդնել կամ հանել, եւ եթե անգամ մրցակից լինի, ապա լինի թույլ, ֆորմալ մրցակից, որին հաղթելը մեծ ծախսեր ու ջանքեր չպահանջի: Այսպես ասած՝ ընտրության իմիտացիա ստեղծելով: Վերջին խորհրդարանի գործունեության դառը փորձը եւ հատկապես  պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պատրաստակամությունը օրենսդիր մարմնի անդամ լինելու իմաստն են արժեզրկել: Օլիգարխաքրեածին շրջանակները համոզվել են, որ մանդատը երաշխիք չէ, այն չի ապահովում ոչ փող աշխատելու, ոչ հետապնդումներից պաշտպանված լինելու կարգավիճակ եւ ոչ էլ անգամ հասարակական հարգանք-պատիվ: Այնպես որ, ըստ լուրերի, անգամ համամասնական ցուցակ մտնել ցանկացողների քանակն է նվազել: Էլ չենք խոսում այդ ցուցակը մտնելու համար մեծ գումարներ վճարելու մասին: Ինչ որ իմաստով այս փոփոխությունները լավ են, ինչ որ իմաստով՝ վատ: Բայց իրողություններ են, որոնք բումերանգի էֆեկտի տիրույթում են գտնվում, եւ որոնցից արժե հետեւություններ անել: