Համընդհանուր փչացում

Համընդհանուր փչացում
Հնարավո՞ր է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անեն, իսկ քաղաքացիները երազեն, որ արդար ընտրություններ կայանան երկրում, սակայն նորմալ ընտրություններ կազմակերպել այդպես էլ չհաջողվի: Կարծում եմ՝ հենց այդպես էլ կպատահի, քանի որ 15-20 տարում ձեւավորված ավանդույթները հեշտ չէ փոխել: Ավելին՝ հիմնավորապես «փչացել» են եւ իշխանությունները, եւ ժողովուրդը, ու այդ փչացած մեխանիզմը գործի դնել, ստիպել, որ այլ տրամաբանությամբ աշխատի, շատ բարդ է լինելու: Ասենք, ինչպե՞ս անել, որ պատգամավորության թեկնածուն հանձնաժողովների անդամներին չկաշառի, չվախեցնի, ընտրողների վրա ճնշումներ չգործադրի, քրեածին տարրեր չներգրավի ընտրական գործընթացներում եւ վերջապես՝ փող չբաժանի: Եվ ինչպե՞ս անել, որ ընտրողը չմտածի ուժեղին ձայն տալու մասին, մի քանի հազար դրամով չկաշառվի եւ չվախենա թաղային հեղինակություններից: 1990-ի ընտրությունների ժամանակ քվեարկած անձինք կհիշեն, թե ինչ չափանիշներ էին գործում այն ժամանակ: 1988-ի հովերով տարված մարդիկ այնպիսի ոգեւորություն էին ապրում նորանկախ երկրի օրենսդիր մարմին ձեւավորելու կապակցությամբ, որ եթե որեւէ մեկի մտքով հանկարծ անցներ ընտրակաշառք առաջարկել, թերեւս առաջարկողը կենդանի չմնար: Մարդիկ գնում էին նախընտրական հանդիպումների, ուշադիր լսում թեկնածուներին, հարցեր տալիս, ուսումնասիրում նրանց կենսագրությունները, հետաքրքրվում անցած ուղիով եւ Շարժմանն ունեցած առնչություններով: Ընտրությունը կատարվում էր գիտակցված: Շատերն անգամ չէին պատկերացնում նոր անկախացած երկրի Գերագույն խորհրդի՝ որպես օրենսդիր մարմնի դերակատարությունը, բայց աղոտ պատկերացնում էին, որ դա երկրի ղեկավար մարմիններից է եւ պետք է կազմված լինի լավագույններից: Ինչպե՞ս վերադարձնել այդ իրողությունները: