Հոռետեսական խոհեր

Հոռետեսական խոհեր
Այսօր մարտի 1-ն է: Չգիտես գարնան առաջին օրը շնորհավորես, թե «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին ցավակցես ու հիշատակի խոսք ասես: Իսկական հայի բախտ՝ գարնան սկիզբը նույնացվում է զոհերի, արյան ու կորստի հետ: Նաեւ՝ չկայացած հեղափոխության, ընտրակեղծիքների, դրա դեմ պայքարի ու ազգի պառակտման հետ: Եվ կրկին մենք ընտրությունների շեմին ենք: Կհաջողվի՞ այս անգամ խուսափել տհաճ, աղետալի զարգացումներից: Նախընտրական իրադարձությունները համենայնդեպս ոչ մի լավ բան չեն հուշում: Հենց միայն «Արտակարգ դրության մասին» օրենքի շուտափույթ ընդունումն արդեն տագնապի զգացում է առաջացնում: Մանավանդ երբ պատասխանատուները հայտարարում են՝ ավելի լավ է թերի օրենք ունենալ, քան այս փուլում նման օրենք ընդհանրապես չունենալ: Այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ այս թեմաների շուրջ շատ կխոսեն: Ընդդիմությունն արդեն երեկ հայտարարություն է տարածել, որտեղ 41 մեծամասնական մանդատները պահպանելու իշխանության ձգտումը բացատրել են նրանով, որ ՀՀԿ-ն ոչ թե ընտրողի կամավոր քվեն է ուզում ստանալ, այլ այդ քվեն «ավազակաբար խլել», քանի որ առանց դրա չի կարող մեծամասնություն ունենալ: Ուստի Հայ ազգային կոնգրեսը կոչ է արել բոլորին համախմբվել եւ ազատվել Հանրապետականի ռեժիմից: Համաձայն եմ, որ մեր երկրում փոփոխություններ են անհրաժեշտ, նոր, թարմ, երիտասարդ մարդիկ: Բայց երբ հետեւում ես, թե ինչ է կատարվում իշխանության ձգտող ուժերի շարքերում, ինչ գզվռտոց է գնում այդ չարաբաստիկ ցուցակներում տեղ զբաղեցնելու համար, պարզապես հուսահատվում ես եւ հասկանում, որ գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվելու: Հատկապես երբ պարզ է, որ նոր սերունդ կոչվածը ոչնչով հներից լավը չէ եւ իր հետ ոչ մի լավ բան չի բերելու: