Թեկնածուն զլացե՞լ է թույլտվություն վերցնել

Թեկնածուն զլացե՞լ է թույլտվություն վերցնել
Երեկ թիվ 32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբն ահազանգել էր բռնությունների մասին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղարկված հաղորդագրության մեջ մասնավորապես Նիկողոսյանը հայտնել էր. «Սույն թվականի ապրիլի 8-ին, ժամը 18-ի  սահմաններում Տաշիր քաղաքի Երեւանյան խճուղու վրա գտնվող «ԷԳԱ» ՍՊԸ-ին պատկանող գովազդային  վահանակին, թիվ  32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական  պաստառը տեղադրելիս, Տաշիրի  քաղաքապետ Նշան Սողոյանի կողմից կատարվել է ապօրինի եւ բռնի գործողություն: Տաշիրի  քաղաքապետ Նշան Սողոյանը մի քանի ավտոմեքենաներով ուղեկցող շքախմբով մոտեցել եւ սպառնացել է հաշվեհարդար իրականացնել  պաստառը փակցնող  անձանց  նկատմամբ, պահանջելով  անհապաղ  դադարեցնել թիվ  32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական  պաստառի տեղադրումը: Այնուհետեւ պահանջել է հեռանալ Տաշիր քաղաքից, քանի որ, իր խոսքերով ասած, «իր քաղաքում» ոչ մեկ իրավունք չունի այլ պաստառ տեղադրել»: Նշենք, որ այս ընտրատարածքում է առաջադրվել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Նիկողոսյանի կարծիքով, այստեղ դեր է ունեցել այն, որ քաղաքապետ Նշան  Սողոյանը  ՀՀ նախագահի աշխատակազմի  նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի  մերձավոր  անձանցից է:



Կատարված  դեպքի  առթիվ ՀՀ ոստիկանության  Տաշիրի  բաժնում ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի  կողմից  հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա  նյութեր  են նախապատրաստվում  Տաշիրի  քաղաքապետ Նշան Սողոյանի  նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի  հատկանիշներով  պաշտոնական  լիազորությունների  չարաշահման հիմքով  քրեական  գործ  հարուցելու  նպատակով: Մենք զրուցեցինք քաղաքապետ Սողոյանի հետ, ով եղելությունը ներկայացրեց հետեւյալ կերպ. «Ուղղակի ինչ-որ  մարդիկ վահանակի մոտ գործ էին անում, ճիշտն ասած՝ չգիտեմ էլ, թե ինչ էին անում, եւ իմ աշխատակիցներն ահազանգել են, ես գնացել եմ եւ ընդամենը հարցրել՝ պայմանագիր ունեն-չունեն: Մարդիկ ասացին, որ իրենք ընդամենը աշխատող են: Ես ասել եմ, որ ձեր թեկնածուին ասեք, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում անի, քանի որ այդ գովազդային վահանակի տերն այլ մարդ է, մենք պիտի հարցնեինք՝ հնարավո՞ր է, որ գովազդատուի հետ պայմանագիր չլիներ, բայց վստահեցնում եմ, որ անգամ չենք տեսել, թե դա ինչ պաստառ է եղել»,- վստահեցրեց Տավուշի քաղաքապետը: Սողոյանը նշեց նաեւ, որ ինքը ոչ մի թեկնածուի էլ չի խոչընդոտում: Մենք զրուցեցինք ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուի՝ անկուսակցական Արտակ Միրզոյանի հետ, ով ներկայացավ համայնքի ավագանու անդամ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց.



«Ես պաստառները պատվիրել եմ, օրինական կարգով քաղաքապետարանից դրանց տեղադրելու վերաբերյալ թույլտվություն վերցրել ու չեմ կարծում, որ փակցնելուց որեւէ խնդիր կառաջանա: Իսկ ձեր ասած թեկնածուի վերաբերյալ, քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, ասում են, որ նա քաղաքապետարանից թույլտվություն չունի, քանի որ կարգ կա համապատասխան վայրերում պաստառները փակցնելու վերաբերյալ»: Իսկ նախընտրական մթնոլորտի վերաբերյալ մեր հարցին պատասխանեց. «Առայժմ կարող եմ ասել՝ կառուցողական եւ նորմալ: Մինչեւ այս պահն էլ ընտրակաշառքի դեպք իշխանության թեկնածուի կողմից չի արձանագրվել: Միայն ասում են՝ այդ նույն Նիկողոսյանն է ինչ-որ բուժսարքավորումներ բերել եւ օգնություն է առաջարկում, ասում են՝ մայրն ինչ-որ բուժհաստատության տնօրենն է: Ճիշտն ասած՝ ստույգ չգիտեմ»: Ապա, առիթն օգտագործելով, մի թեթեւ գովեց Կարեն Կարապետյանին, ասելով, որ այս մարզում նա քիչ բան չի արել: Իսկ թե ինչու է ինքն առաջադրվել, ասաց, որ այդ իրավունքն ինքն ունի եւ ուզում է շանսերը փորձել:



ՀԳ - Այս շրջանում դեռ հաճախ կհանդիպենք նախընտրական իրավիճակը սրելու փորձերի: Երբ օրենքն ու կարգը պահպանելու փոխարեն ոմանք անիմաստ աղմուկ են բարձրացնում՝ հալածվածի ու ընդդիմադիրի կեցվածք ընդունելու համար: Մինչդեռ ընդամենը հարկավոր է, որ թեկնածուն մնա օրենքի շրջանակներում եւ նոր միայն մեղադրի այլոց՝ օրենքը խախտելու մեջ: