Նոր մեխանիզմ

Նոր մեխանիզմ
Ընտրակեղծարարների ֆանտազիան սահմաններ չի ճանաչում: Մեզ հայտնի դարձավ, որ ընտրական մի նոր տեխնոլոգիա են հորինել, որը պատրաստվում են առաջիկայում օգտագործել: Ինչպես գիտեք՝ քվեի դիմաց վճարողները միամիտ չեն եւ գիտեն, որ քվեախցիկում երբ մարդը մնում է մենակ, կարող է քվեարկել ոչ թե հրահանգի համաձայն, այլ այնպես, ինչպես խիղճն է թելադրում, ուստի հնուց ի վեր որոշ կաշառատուներ քվեի դիմաց փող տալու պայման էին դնում, որ քվեարկողն իր հեռախոսով լուսանկարի քվեարկած թերթիկը՝ որպես ապացույց, եւ միայն ներկայացնելուց հետո ստանա իր հասանելիք փողը: Հիմա ընտրողները այս, թվում է, անհաղթահարելի խոչընդոտը հաղթահարելու ձեւ էլ են մտածել: Փոքրիկ սեւ թելի կտոր են հետները տանում քվեախցիկ, այն տեղադրում են քվեաթերթիկի վրա, լուսանկարում, ապա նոր քվեարկում: Ասում են, այս եղանակը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի թեկնածուից փող կորզել՝ երկու լուսանկար անելով: