Մեղքը չբարդեք դիտորդների վրա

Մեղքը չբարդեք դիտորդների վրա
ԱԺ նախագահի հրավերով վերջին օրերին Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակությունը երեկ, բազմաթիվ հանդիպումներից հետո, այցն ավարտեց ասուլիսով՝ արձանագրելով, որ համակարգը պատրաստ է անցկացնել որակապես նոր ընտրություններ: ԵԽԽՎ պատվիրակությունը երկօրյա հանդիպումներից տպավորված էր: Նրանք հասցրել էին հանդիպել Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերի ու մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդիպել էին ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության ղեկավարության հետ: Հավանաբար, իշխանության ներկայացուցիչները շատ տպավորիչ էին ներկայացրել իրավիճակը, կատարվող բարեփոխումները, որ պատվիրակներն այդքան լուրջ էին ընդունել նրանց հավաստիացումները: Պատվիրակության երկու ներկայացուցիչներն էլ՝ եւ Միացյալ Թագավորությունից բարոնուհի Նիքոլսոնը, եւ Լեհաստանի սենատոր Պյոտր Վախը, որեւէ էական հանգամանք չմատնանշեցին, որեւէ մտահոգություն չհայտնեցին առկա նախընտրական իրավիճակի շուրջ: «Մենք ինքներս այս օրերին չենք բացահայտել որեւէ խնդիր՝ որպես այդպիսին, բայց տարբեր կազմակերպությունների եւ անհատների կողմից փոխանցվել են մեզ մտահոգություններ, պատմել են մեզ: Մեզ փոխանցված տեղեկությունները համակ ուշադրությամբ լսել ենք»,-արձանագրեց բարոնուհին՝ հավելելով, որ, իր կարծիքով, այդ մտահոգությունները պետք է որ արդեն իսկ հայտնված լինեն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Հրապարակի» հարցին, թե անձնագրերի եւ վիզաների վարչության հետ հանդիպման ժամանակ արդյո՞ք քննարկել են այս օրերին մամուլում բազմաթիվ հրապարակումներով բարձրաձայնվող հարցը, որ ընտրացուցակներն ուռճացված են, եւ մահացած ու Հայաստանում չբնակվող մարդիկ են ընդգրկվել ցուցակներում, եւ եթե բարձրաձայնել են, ապա ի՞նչ պարզաբանումներ են ստացել: Բարոնուհին վստահեցրեց, որ հիշյալ վարչության հետ բավական արդյունավետ եւ գոհացնող հանդիպում են ունեցել, ինչպես նաեւ, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է առավել թափանցիկ աշխատելու համար: «Այդ կառույցն աշխատում է ավելի թափանցիկ մեխանիզմների ձեւավորման ուղղությամբ: Քննարկումը ծավալվեց թափանցիկության շուրջ: Տեսակետների միջեւ տարբերությունը ծայրահեղ մեծ է, մենք չէ, որ պետք է նշենք, թե կշեռքի նժարը որ կողմ պետք է թեքվի, բայց արժեքավոր էր իմանալ, որ համակարգն ավելի բաց են պատրաստվում դարձնել»,- ասաց Պյոտր Վախը: ԵԽԽՎ պատվիրակները նշեցին, որ պետք չէ ընտրությունների ձախողման կամ ոչ լավ անցկացման ամբողջ մեղքը բարդել միջազգային դիտորդների վրա: «Սա համապետական ընտրություններ են, եւ բոլորս միասին, ձեզ հետ միասին պետք է փորձենք լավ ընտրություններ անցկացնել: Մենք այստեղ ենք, որ օգնենք Հայաստանին, որպեսզի այստեղ անցնեն պատմության մեջ լավագույն ընտրություններ»,- նշեց բարոնուհին: Ի դեպ, ԵԽԽՎ դիտորդների ամբողջական խումբը՝ բաղկացած 28 հոգուց, Հայաստան կժամանի մայիսի 3-ին: