Հայր մեր, որ ԱԺ-ում ես

Հայր մեր, որ ԱԺ-ում ես
«Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը մայիսի 31-ին՝ կրկին զբաղեցնելով ԱԺ նախագահի աթոռը խորհրդարանի նիստերի դահլիճում: Իրականում հիվանդանում, բայց չի մահանում ոչ թե ճշմարտությունը, այլ ճիշտը, իսկ ճշտի ու ճշմարտության միջեւ, չնայած թվացյալ նմանությանը, տարբերությունը հսկայական է: Շատ չերկարացնելու համար ասենք, որ «ճշմարտություն» հասկացությունը զուտ քաղաքացիական է, իսկ ճիշտը դրա՝ գողական աշխարհում գործածվող հոմանիշն է: Քաղաքացիական կյանքում մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես է ճշմարտությունն օրը ցերեկով եւ բոլորի աչքի առաջ մահանում, մինչդեռ ընդունված է համարել, որ գողական աշխարհում որեւէ մեկը կարող է սխալ թույլ տալ, բայց ճիշտն ի վերջո կվերականգնվի՝ կհաղթանակի:



Մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանի վերընտրությունից հետո ճշտի հաղթարշավը խորհրդարանում շարունակվում է: Հովիկ Աբրահամյանը հունիսի 4-ին իրենց զբաղեցրած պաշտոններում կամ համանման պաշտոններում է վերականգնել բոլոր նրանց, ովքեր աշխատանքից կամավոր կամ պարտադրաբար ազատվել էին նրա՝ ԱԺ նախագահի պաշտոնը թողնելուց հետո:



ԱԺ հասարակայնության եւ մամուլի հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին ԱԺ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնում նշանակելու մասին արդեն գրվել է: Նույն օրը Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնում է վերականգնել ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ Վալերի Մկրտումյանին: Ինչպես ավելի վաղ գրել էինք, Մկրտումյանը երկարամյա աշխատանքի փորձ ունեցող դիվանագետ է, եւ նա խորհրդարան էր գործուղվել ԱԳՆ-ից: Երբ նրա պայմանագրի ժամկետը լրացել էր, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խոստացել էր այն երկարացնել, բայց իր խոստումը չէր կատարել:



Ավելին՝ Նիկոյանը Մկրտումյանին պարգեւատրել էր անվանական ժամացույցով՝ որպես «հաջողություն» մաղթելու ակնարկ, սակայն վերջինս այնքան է վիրավորված եղել իր նկատմամբ դրսեւորված վերաբերմունքից, որ հրաժարվել է ընդունել նվերը:



Աբրահամյանն իր խորհրդականի պաշտոնում վերականգնել է նաեւ Սերգեյ Լոքյանին: Լոքյանը ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանի որդին է, եւ երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, նա եւս հրապարակայնորեն հայտարարեց, որ ցանկություն չունի աշխատել Սամվել Նիկոյանի հետ, եւ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց:



Հովիկ Աբրահամյանը կրկին աշխատանքի է ընդունել իր երկու ռեֆերենտներին՝ Նվարդ Վարդանյանին եւ Նարե Դավթյանին: Իհարկե, կան մարդիկ, ովքեր հեռացել են Աբրահամյանի հետ կամ նրա պատճառով, սակայն չեն վերականգնվել աշխատանքի, բայց դա՝ զուտ տեխնիկական պատճառներով: Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականի պաշտոնն այսօր էլ թափուր է: Մինչեւ հրաժարականն այն զբաղեցնում էր Վիկտոր Մնացականյանը, ով, մեր տեղեկություններով, գտնվում է ԱՄՆ-ում:



Արտերկրում է գտնվում նաեւ Արմինե Անտիկյանը, ով ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության մշակութային հարցերի խորհրդականն էր: Հիմա դուք կզարմանաք նման բարդ պաշտոնների գոյությամբ, բայց իրականում ԱԺ աշխատակազմն այնքան ուռճացած է նման եւ ավելի խուճուճ ու անհասկանալի պաշտոններով, որ մի պաշտոն ավել կամ պակաս՝ ոչինչ չի փոխվում: Ընդհանրապես ԱԺ աշխատակազմի թիվը մոտենում է հազարի, եւ ԱԺ-ն կարող է համարվել երկրի ամենամեծ գործատուներից մեկը: Միակ դժբախտությունն այն է, որ սույն հաստատությունը գործում է պետբյուջեի միջոցների հաշվին, այլապես մենք կողմ կլինեինք աշխատակազմի նույնիսկ տասնապատկմանը:



Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո հեռացավ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Բայց նա անգործ չէ եւ այժմ զբաղեցնում է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Նրա փոխարեն նշանակվեց Վրեժ Գասպարյանը: Նա Սամվել Նիկոյանի սիրելի կադրերից է: Ընդամենը երեք ամսում Գասպարյանն ուղիղ երեք անգամ պաշտոն փոխեց, երեք անգամ պաշտոնական առաջխաղացում ունեցավ: Հովիկ Աբրահամյանի օրոք նա իրավաբանական վարչության պետի տեղակալն էր: Սամվել Նիկոյանը նրան նախ նշանակեց ԱԺ նախագահի խորհրդական, հետո՝ գլխավոր խորհրդական, իսկ կարճ ժամանակ անց՝ աշխատակազմի ղեկավար: Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Մխեյանը, ով հատուկ աշխատակազմի ղեկավար դառնալու համար ՀՀԿ շարքերն էր համալրել, պարտվեց Գասպարյանի հետ պայքարում:



ԱԺ աշխատակազմը գլուխ է կոտրում հասկանալու համար՝ կփոխի՞ Աբրահամյանը Վրեժ Գասպարյանին, թե՞ նա կշարունակի պաշտոնավարել: Միակ եզրակացությունն այն է, որ Աբրահամյանը չունի համապատասխան կադր, ով կարող է փոխարինել Գասպարյանին:



Այստեղ ինչն է կարեւոր. որքան էլ ասվի, որ պաշտոնը հարատեւ չէ, որ այն կարող է մի օր լինել, մի օր՝ ոչ, եւ այդ պատճառով չի կարելի հրապուրվել պաշտոնով, միեւնույն է՝ մարդիկ շարունակում են մնալ նույնը: Մարդկանց մի հսկայական քանակ, որ Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահության օրոք նրա արեւով էր երդվում եւ նրան երկրպագում որպես գլխավոր եւ միակ աստված, նրա պաշտոնանկությունից հետո դավանափոխ եղավ եւ սկսեց այլ աստվածություններ պաշտել:



Հիմա նրանք կրկին վերադառնում են նախնյաց հավատքին, համոզված լինելով, որ Աստծո հիմնական քարոզը ներողամտությունն է: Կընդունի՞ նրանց ապաշխարանքը Հովիկ Աբրահամյանը, թե՞ կուղարկի նրանց դժոխք, դա իր անձնական գործն է, որովհետեւ Աստծո գործերն անքննելի են:



 Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ