Պուտին ջան, ապրի արեւդ, ձեզ համար նախագահ եք ընտրում, ժողովրդի կաշի՞ն եք քերթում…

Պուտին ջան, ապրի արեւդ, ձեզ համար նախագահ եք ընտրում, ժողովրդի կաշի՞ն եք քերթում…
Ռազմավարական բազաներ հանձնելը նույնն է, ինչ զինաթափ լինելը: Պատկերացրեք «անտերուդուս» մի հողամաս, որն անգամ ցանկապատված չէ, բայց տերը բերք է ակնկալում նրանից: Անեկդոտային իրավիճակում է հայտնվել մեր իշխանությունը, նման այն մարդուն, որ երբ իրազեկում են գողացված ճամպրուկի մասին, ժպտում է. «Տանու՜մ են՝ տանեն, մեկ է՝ բանալին ինձ մոտ  է»: Հիմա մենք ենք: Ռազմական եւ պետության համար վճռական գերակայություն ունեցող բազաներ ենք հանձնել այլ պետության ու հանգիստ նստել՝ մեկ է, Հայաստանը մերն է: Գազը, կապը, լույսը Ռուսաստանին նվիրաբերվեց, մնում է, որ մեր աչքի լույսն էլ տանք, որ «հյուսիսային քեռին»  բարի աչքով մեզ նայի: Սեփական երկրին առաջինը նրա տերերը պիտի բարի աչքով նայեն, այն լոտոյով շահած անշունչ իր չհամարեն ու առաջին պատահածին առաջին գնով վաճառեն: Գազը տրվել է Ռուսաստանին, հիմա էլ տալուց հետո աղմուկ է բարձրացվում՝ ռուսները գազը թանկացնում են... Լավ էլ անում են.



Ռուսաստանը հո մեր խելքի՞ն չի, որ ձեռքից բաց թողնի փոքր երկրներին սանձելու լծակները: Կուզի՝ կթանկացնի, կուզի՝ կկտրի... Այս քաղաքականության մեջ էլ երեւում է, որ Հայաստանի քաղաքացու տարրական իրավունքները պաշտպանված չեն: Ոլորտն ամբողջովին ընծայելով օտար պետության, ոչ միայն պետությունը տնտեսական կախվածության մեջ է մտնում, այլ զրկվում է որևէ քաղաքական խնդիր ինքնուրույն լուծելու կարողությունից: Նույնիսկ մեր տան համար նախագահ են ընտրում: Պատերազմի ժամանակ, չեմ էլ ուզում պատկերացնել, թե մեր հալն ի՞նչ է  լինելու...



Մանավանդ, երբ կապն էլ է նվիրաբերվել... Ռուսաստանն է որոշելու՝ Հայաստանն իրեն խելոք չպահի, ականջը կպոկի: Մենք հո գերի՞ չենք Ռուսաստանի կամ մի այլ տերության ձեռքին, շերեփներս հանձնել  ու ճաշ ենք պահանջում լցնել: Ում ձեռքին  շերեփն եղավ, ինչքան ուզի, այնքան էլ կլցնի... Էլեկտրական ցանցերն էլ՝ վերադիր ենք տվել... Մնում է՝ անեկդոտի նման, ժողովրդին էլ հետը նվեր տան, որ գնան՝ նրանց փեչը վառեն: Գիտե՞ք՝ նվերներ տալու մասին ի՜նչ հերթական նախադասություն է պատրաստ պահում մեր իշխանությունը՝ ներդրումնե՜ր են անում... Թղթերի վրա,  թե ի՞նչ ներդրումներ են արվում, ի՞նչ մեխանիզմով են դրանք ստուգվում, ենթադրելի է, բայց որ ժողովրդի աչքը բան չի տեսնում, հաստատ է:



Փոխանակ պետությունը ժողովրդի շահը պահի, ներդրողի  շահի համար է իրեն կոտորում... Ներդրողն էլ (անունն է այդպես, ամանումը բան չկա) պահանջ է ներկայացնում: Իսկ այդ պահանջը, որն առաջին հայացքից տնտեսական է թվում, իրականում քաղաքական է... Նախագահական ընտրությունների նախաշեմին ինչու՞ է օրակարգ մտցվել գազի թանկացման խնդիրը: Ներդրողների մեջքը ծռվե՞լ է ներդրումներից, որի համար փոխհատուցու՞մ են պահանջում: Պուտին ջան, արեւդ ապրի՝ ձեր համար նախագահ եք ընտրում, ժողովրդի կաշի՞ն  եք քերթում...