Հոս բնակվելու համար տնտեսաան վիճակը լավ չէ

Հոս բնակվելու համար տնտեսաան վիճակը լավ չէ
ՕԵԿ-ՀՀԿ կոալիցիան կառավարությունում ընկալել են մի օջախի տեսքով: Եվ այս ընկալումն արտահայտվել է մի պատմական լուսանկարով, որն օրերս տեղադրվել է կառավարության կայքում: Նման բան նախկինում չի եղել: Կարծես Գագիկ Ծառուկյանի ու Արգամիչի ինադու վարչապետը շուրջն է հավաքել կուսակից ու կուսակցությանն առընթեր մարմին հանդիսացող ՕԵԿ-ական ենթականերին ու անմահացել պատմության մեջ՝ ընդ որում տպավորություն ստեղծելով, թե ԲՀԿ-ից հետո այս երկուսը բոլորովին նոր կյանք են սկսել: Երկշարան այս լուսանկարը տպավորիչ է նաեւ մանրակրկիտ մտածված դիզայնով: Հատկապես գունեղ է լուսանկարի երկրորդ պատվավոր շարքը, որը բացում են ալեհեր նախարարները, մեջտեղում բազմել է Տիգրան Սարգսյանը, մի փոքր այն կողմ՝ իրենց ամեն ինչով ոչ պակաս հիշարժան աղջիկ-պարոն նախարարները: Դե, անգնահատելի է սփյուռքի տիրուհի Հրանուշ Հակոբյանի դերը Սփյուռք-Հայրենիք մերձեցման գործում: Նրա օրնիբուն աշխատանքի շնորհիվ երկիրն անկախությունից հետո լքածներն ու խոպան գնացողները բնութագրվեցին որպես սփյուռքահայեր:0



Սփյուռքահայեր, որ ծնվել-ապրել են Հայաստանում, սակայն Արցախյան պատերազմի տարիներին հեռացել են երկրից: Հիմա նրանց հրավիրում են Հայաստան եւ նրանց համար ծրագրեր անում:   Նրանք իրենց երկրորդ հայրենիքներում հայ համայնքի տարբեր կազմակերպությունների առաջնորդներ են: Այս օրերին  սփյուռքի նախարարությունը հերթական ծրագիրն է իրականացնում՝ ամառային դպրոցը, որի շրջանակներում սփյուռքահայերը ժամանել են Հայաստան:



Երեկ էլ նրանց ներկայացուցիչները մասնակցում էին կառավարության նիստին: Նրանց բախտից Տիգրան Սարգսյանն արձակուրդում էր, նրա դերը ստանձնել էր փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Իսկ օրակարգն ամառային ռեժիմով էր՝ կիսով չափ կրճատված: Սփյուռքյան երիտասարդ լիդերներից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ տպավորություններ ստացան հայոց կառավարության նիստից: Բնականաբար, սփյուռքի նախարարից բացի, այլոց չէին էլ ճանաչում: Նրանցից ոմանք, որքան էլ զարմանալի է, վարչապետին էլ չճանաչեցին:



Ինչ վերաբերում է հայրենիքի մասին պատկերացումներին, ապա նրանց մեջ գտնվեցին  իրատեսներ, ովքեր Հայաստան վերադառնալը համարում են մեկ քայլ հետ: Լիբանանից ժամանած Արինա Ղազարյանը, մեզնից տեղեկանալով «Հարսնաքարի» եւ մյուս խնդիրների մասին, արձագանքեց, թե բոլոր երկրներում նման դժվարություններ կան: «Հոս բնակվելու համար տնտեսական վիճակը լավ չէ: Բայց եթե քիչ մը ճիգ թափի եւ հայրենասիրական հոգին ըլլա իր մեջ, կարծեմ կրնա հաղթահարել աս դժվարությունները, եւ կհաստատվին Հայաստանին մեջ: Եթե ոչ զգացական ձեւով մտածենք՝ Բեյրութի մեջ ռումբեր կպայթին, երբեմն, բայց չես կրնա ըսել՝ շատ  վատ է: Ինքնաբավ է ժողովուրդը»:



Հարցին, թե կուզենա՞ երբեւէ Հայաստանում ապրել, ասաց. «Անկեղծ ասած՝ դժվար կըլլա: Կյանքի, մտածելակերպի սկզբունքները քիչ մը տարբեր են»: Մոսկվայից ժամանած մի սփյուռքահայուհի էլ ասաց, որ թեեւ 3 տարեկանից հեռացել են ու քսան տարի է՝ ապրում են Մոսկվայում, սակայն կուզենար փորձել հետ գալ  Հայաստան, միայն թե ընտանիքի անդամները դեմ են՝ Հայաստան վերադառնալը համարելով հետքայլ: Բելառուսից ժամանած Նինա Մեհրաբյանն այստեղ գտնվող որոշ սփյուռքահայերից մեկ քայլ առաջ էր՝ գիտեր Գագիկ Ծառուկյանին, թեեւ Հայաստանում չէր ապրել: Ավելին՝ նա գիտեր Բելառուսից բերված ու հայ գյուղացուն «նվիրած» տրակտորների մասին. «Մենք գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը լավ բան անում է, բայց էստեղ ասում են՝ թալանում է: Նույն տրակտորներն իրանք են բերել Բելառուսիայից ու տվել գյուղացիներին»:



Հարցին, թե կապրի՞ Հայաստանում, նկարագրեց, թե որ դեպքում, ինչը թարգմանաբար նշանակում էր՝ երբեք: «Եթե Հայաստանը նենց լինի, որ կարողանանք նենց մնանք, որ մի քիչ մեզ ապահով զգանք, պաշտպանված պետության կողմից: Որ ինձ բան լինի, ես կդիմեմ բժշկին, ու ինձ կօգնեն, ցավոք սրտի, Հայաստանում վստահ չեմ, որ նման բան կլինի»: Ինչպես տեսնում եք, Խորհրդային Միության նախկին երկրների «սփյուռքահայերն» ավելի իրատես են, չնայած Հրանուշ Հակոբյանի հետ շփմանը: