Նիստի պաշտոնական եւ ոչ պաշտոնական մասը

Նիստի պաշտոնական եւ ոչ պաշտոնական մասը
Հինգշաբթի օրը ՀՀԿ գործադիր մարմնի նիստը տեւել է մոտ քառասուն րոպե: Մնացած ժամանակը Սերժ Սարգսյանն անցկացրել է անհատական հանդիպումներում: Վերջին շրջանում ՀՀԿ գործադիր մարմնի նիստերն ունենում են երկու բաժին. մեկը` ընդհանուր քննարկում, երբ Սերժ Սարգսյանն առանձնապես շատ բան չի խոսում, եւ անհատական հանդիպումներ, որտեղ քննարկում է առավել կարեւոր հարցերը: Ինչ վերաբերում է ԳՄ նիստին, ապա մեծամասնական երկու թափուր ընտրատարածքներում ՀՀԿ թեկնածուների հաստատումից բացի, քննարկվել է նաեւ Օսկանյանի միջնորդության ժամանակ ՀՀԿ պատգամավորների դրսեւորած վարքագիծը: Սերժ Սարգսյանը դժգոհել է ՀՀԿ-ականների ելույթներից, համարել դրանք շատ թույլ եւ արձանագրել, որ պետք էր շատ ավելի ճշգրիտ ու համարձակ լինել: Բանն այն է, որ ՀՀԿ պատգամավորներից ոմանք ոչ միայն դեմ են քվեարկել միջնորդությանը, այլեւ որոշները հերթագրվել են հարց տալու համար, ապա հանել են իրենց «կոշտ» հարցերը: Հարցերը հանած պատգամավորները մեզ հետ զրույցում անկեղծորեն ասում են, որ ֆրակցիայից են ասել` հանեք: ԳՄ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ հրահանգել է ՀՀԿ ծերակույտին` լինել շատ համախմբված: Քննարկվել է նաեւ առաջիկա քառօրյաներում պատգամավորների մասնակցության եւ քվորումի հարցը: Գալուստ Սահակյանն ասել է. սրանից հետո, եթե պատգամավորները չեկան, անպայմանորեն պետք է նրանց նկատմամբ «պատժամիջոցներ կիրառել»` ընդհուպ մանդատից զրկում: Սերժ Սարգսյանը ՀՀԿ ծերերին հարկ է համարել նաեւ տեղեկացնել, որ ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում նոր զարգացումներ չկան, եւս մեկ անգամ հորդորել է՝ Ծառուկյանին «չկպնել», նրա հասցեին որեւէ վատ բան չասել, իսկ ԲՀԿ «մնացածներին՝ եթե կխոսեն, մեկը հարյուրին պատասխան տալ»:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ