Սերժ Սարգսյան. «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»

Սերժ Սարգսյան. «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը: Նախագահը նշել է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները վերսկսելու նպատակով հսկայական քանակությամբ զինամթերք է կուտակել: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, ցանկանում է խաղաղ կարգավորել հակամարտությունը, եւ որ ինքը ջանքեր չի խնայի խաղաղության հասնելու համար: «Այժմ, հրադադարի մասին պայմանագիրը ստորագրելուց 18 տարի անց, Ադրբեջանը նոր պատերազմով է սպառնում Հայաստանին... Երբ ես ասում եմ Ադրբեջանում հայատյացություն կա, երբ ասում եմ, որ Ադրբեջանը վտանգավոր ծավալի զինամթերք է հավաքում և պատրաստվում է վերսկսել ռազմական գործողություններն ու հակամարտությունը լուծել այդ ճանապարհով, դա չի նշանակում, որ կարիք չկա բանակցությունները շարունակելու»,- ասել է նախագահը։ Reuters-ը նաև հիշեցրել է, որ երկու երկրների միջև լարվածությունն ավելացել է այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջան ուղարկեց ադրբեջանցի սպային, ով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի լեզվի դասընթացների ընթացքում սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Այս մասին Սարգսյանն ասել է, որ Ռամիլ Սաֆարովի ներումը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել։ «Դա մեկ անգամ ևս վերահաստատում է մեր տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ապագա չունի Ադրբեջանի տարածքում»,- ասել է նա։