Ճաշակ ու թասիբ

Ճաշակ ու թասիբ
«Ափսոս չի՞, էսքան փող են ծախսում մի օրվա միջոցառումների վրա»,- հառաչում է զրուցակիցս: Ժողովրդին պետք է հաց ու տեսարաններ տաս, հացը չեն կարողանում տալ, գոնե թող տեսարաններով ապահովեն՝ առարկում եմ ես: «Հա, բայց այդ տեսարանները հենց հացի հաշվին են անում»,- չի համաձայնում զրուցակիցս: Ամեն դեպքում, կիրակի օրը Երեւանը շատ լավն էր՝ մարդիկ մի քիչ անհոգ էին, քաղաքը գեղեցիկ էր, իսկ մեքենաների բացակայությունը թույլ էր տալիս, որ Երեւանի կենտրոնում մենք մեզ տանը զգայինք:



 



Ամենուր երաժշտություն էր, գույներ, լույսեր, իրարանցում: Կարեւոր չէ, որ մի տեղում հանդիսությունները մի քիչ ավելի ճաշակով էին կազմակերպել, մյուս տեղում՝ ոչ այնքան, քաղաքն ուրախ էր: Եվ այդ ուրախությունը մայրաքաղաքի բնակիչ զգալու, քո քաղաքով հպարտանալու, քո պատմությամբ ու մշակույթով հիանալու հնարավորություն էր ստեղծել: Օրը կարելի էր համարել ստացված, եթե օրվա ավարտին Հանրապետության հրապարակի համերգը «չհարամեին» Ռուսաստանից «ներկրված» աստղերը: Հետաքրքիր է՝ ո՞վ էր որոշել, որ Երեւանի տոնին պետք է երգեն Վերա Բրեժնեւան ու «Սերեբրո» անունը կրող այդ անկապ խմբի աղջիկները:



 



Անգամ իմ սերնդակիցները, որոնց համար ռուսական «պապսան» մերժելի չէ, կարծում էին, որ դա խայտառակություն է: Իսկ երբ մտածում էիր, որ նրանց առաջ նստած է իշխանական ողջ էլիտան՝ կաթողիկոսի ընկերակցությամբ, տեսարանը դառնում էր ամոթալի ու զայրացուցիչ: Հասկացանք, որ մեր իշխանությունն այնքան անթասիբ է, որ իր ազգային տոներին ուրախանալու համար պատրաստ է լսել օտար երաժշտություն՝ իր տիրոջ երաժշտությունը, բայց մի՞թե համերգի կազմակերպիչների մեջ չկար մեկը, որ ասեր՝ «Տարոն ջան, սիրուն չի», քո աղջկա հարսանիքին կհրավիրես այդ տկլոր աղջիկներին, իսկ Երեւանի տոնին թող մերոնք երգեն: