Բոլորը շտապում են Դուբլին

Բոլորը շտապում են Դուբլին
Նոյեմբերի 8-10-ը Դուբլինում տեղի ունենալիք Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների կուսակցության հերթական համագումարին կմասնակցեն Հայոց համազգային շարժման չորս ներկայացուցիչներ` Արամ Մանուկյանի գլխավորությամբ, որոնք Դուբլինում կմնան մինչեւ նոյեմբերի 13-ը: Այցի ծախսերը հիմնականում հոգում է մասնակցող կողմը:



 



«Ունի՞ այդքան միջոցներ ՀՀՇ-ն» հարցին կուսակցության փոխնախագահ Վահագն Հայոցյանն ասաց` նեղն ենք, բայց դե` պիտի անենք: Դուբլինյան համագումարի միակ հմայքն այն չէ, որ Դուբլինից հետո ՀՀՇ-ն վերջապես որոշելու է, թե երբ է անցկացնելու իր համագումարը, որը համառորեն տեղի չի ունենում:



 



Բանն այն է, որ նույն ինքնաթիռով Դուբլին` լիբերալ-դեմոկրատների համագումարին մասնակցելու են մեկնելու նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչիկ Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը՝ որպես հրավիրյալներ: Ընդ որում, մեր տեղեկություններով, ԱԴ-ն եւս շատ շուտով կդառնա ԵԼԴԿ-ի լիիրավ անդամ: Ի դեպ, ՀՀՇ-ում տեղյակ չէին, որ «կոնկուրենտ ֆիրման» նույնպես մասնակցելու է այդ համագումարին, իսկ նույն ինքնաթիռով թռչելու հնարավոր հեռանկարը երեկ նրանց ընդհանրապես շոկի մեջ գցեց: