Մենք դեմ ենք դրսի հովանավորությանը

Մենք դեմ ենք դրսի հովանավորությանը
Խորհրդարանում երեկ բյուջեի քննարկման վերջին ակորդներն էին, հաջորդ շաբաթ այն հանձնվելու է պատգամավորների դատին: Երեկ, սակայն, «Ժառանգությունից» ոչ ոք ներկա չէր: Խմբակցությունը  մասնակցում էր Ավան համայնքում պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանի քարոզարշավի մեկնարկին: Իսկ «Ժառանգության» ցուցակով խորհրդարան մտած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանում էին:



 



Պատահմամբ հանդիպեցինք  Խաչատուր Քոքոբելյանին, ում մի քանի հարց ուղղեցինք իրենց առաջիկա անելիքների մասին:



 



- Պարոն Քոքոբելյան, չե՞ք մասնակցելու Ստեփան Սաֆարյանի քարոզարշավին:



 



- Ավանի ընտրությունների հետ կապված՝ մեզ մոտ դեռ քննարկում չկա, եւ դեռեւս դիրքորոշում չունենք:



 



 - «Ժառանգության» հետ տարաձայնությունները, պառակտումը ձեր նորաստեղծ կուսակցությա՞ն հեղինակության վրա ավելի շատ  բացասաբար ազդեցին, թե՞ «Ժառանգության»:



 



- Ես միշտ ասել եմ՝ դա երկկողմանի վնաս էր, բնական է՝ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի այդ անջրպետը չմեծանա, բայց բնական է, որ մեր ցանկությունը քիչ էր էդ հարցում, եւ մյուս կողմի հետեւողական քայլերի արդյունքում տեղի ունեցավ այս ամենը: Ցանկացած մեկը պատասխանատու է իր գործողությունների համար, եւ, բնականաբար, չէր կարող երկուստեք ազդեցություն չունենալ: Երկու կողմի համար էլ՝ թե իմ կարծիքով, թե իրադրությանը տեղյակ մարդիկ գիտեն, որ չէր կարող ազդեցություն չունենալ: Երկարաժամկետ քաղաքական պայքարի ընթացքում շատ հստակ կերեւա, թե ով ինչ էր ուզում, ուր էր ուզում գնալ, հասարակության համար էլ պարզ կդառնա, թե որ խնդիրն ինչից ծագեց:



 



- «Ազատ դեմոկրատների» օրակարգում կա՞ 2013-ի ընտրություններում նախագահի ներկա թեկնածուներից որեւէ մեկին  սատարելու հարցը: 



 



- Մեր լրատվական ծառայությունից էլ են ասել, ես էլ եմ կրկնում՝ մեր օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանին  սատարելու հարց չկա:



 



- Ոչ միայն Րաֆֆիին, այլ թեկնածուների, օրինակ:



 



- Հիմա քննարկվում է, թե սեփական թեկնածուով հանդես գալու, թե այլ ձեւաչափով մասնակցության հարցը: Բնականաբար, ցանկացած քաղաքական ուժ, առավել եւս ազատական քաղաքական ուժ, պարտավոր է քննարկել եւ իր մոտեցումները ներկայացնել հանրությանը:



 



- Պարոն Քոքոբելյան, այս պահին Ձեզ մոտ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունները սատարելու տարբերակ քննարկվո՞ւմ է:



 



- Մենք բացառապես կպաշտպանենք կամ կառաջադրենք այնպիսի թեկնածուի, որը կարող է ներկայացնել ազատական դաշտը:



 



 - Այսինքն՝ վերոնշյալ թեկնածուների մեջ կա՞ այդպիսին:



 



- Բնականաբար, չկա, իմ պատկերացմամբ:



 



- «Ազատ դեմոկրատները» նախագահական ընտրություններից առաջ հնարավո՞ր է միանա մեկ այլ ուժի:



 



- Ես գտնում եմ, որ ընդդիմադիր դաշտի համար ճիշտ հրամայական է, որ կարողանան մի թեկնածուի շուրջ ընդհանուր հայտարարի գան, որ լայն շրջանակով կարողանան ներկայացնել բոլոր ընդդիմադիր ուժերի մոտեցումները՝ այսօրվա իրավիճակից դուրս գալու համար, այլապես դա ցանկալի արդյունք չի լինի ընդդիմության համար:



 



 - Իսկ կարո՞ղ է «Ազատ դեմոկրատները» դառնա  Արեւմուտքի համար հուսալի քաղաքական ուժը:



 



- Մենք միշտ դեմ ենք եղել, որ գործի որեւէ քաղաքական ուժ, որը դրսից հովանավորվի, բայց, բնականաբար, որպես հայաստանյան քաղաքական գործիչներ ու հայաստանյան քաղաքական մաքուր ուժ, մենք բացառապես հետապնդել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական շահերը, ու կարծում եմ՝ դրանում կհամոզվի նաեւ հասարակությունը: Ու կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացու միջից այդ ծառայամտությունը դուրս գա:



 



- Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Հայաստանն առանց դրսի ուժերի ազդեցության կկարողանա ինքնուրույն որոշում կայացնել, ինքնուրույն խաղալ՝ հաշվի առնելով նաեւ մեր արտաքին քաղաքական խնդիրները:



 



- Ես ցավում եմ, որ այն կարծիքին եք, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ ինքնուրույն, ինքնաբավ իր խնդիրները լուծել: Այսօր ամբողջ աշխարհն է գլոբալ առումով փոխկապակցված, դա շատ  նորմալ  պրոցես է, բայց Հայաստանը, ինչպես բոլոր ինքնիշխան պետությունները, ի վիճակի է իր ինքնուրույնությունը պաշտպանելու, այլապես պետություն կոչվելու իրավունք չունեն: Մեզ մոտ խարխլված են պետական հիմքերը, դա փաստ է: Մենք ամեն ինչ անում ենք, որ երկիրը պետություն դարձնենք, առաջնորդվենք պետություն մտածողությամբ:



 



- Իսկ բյուջեին կո՞ղմ կքվեարկեք, թե՞ դեմ:



 



- Դա ավելորդ հարց էր, ինչի՞ պիտի էդ բյուջեին կողմ քվեարկենք: Դա ոչ թե զարգացման բյուջե է, այլ քրքաշ բյուջե է, որեւէ խնդիր չի լուծում ՀՀ քաղաքացու համար: Դրական կյանքի համար ոչինչ չկա, կան բավականին իրարամերժ բաներ, այդ թվում՝ գիտության ֆինանսավորման, բաշխման հետ կապված: Նման բյուջեն անընդունելի է: