Պարտված ՀՀԿ-ականը դեռ չի տեսել իր կուսակցական անդամատոմսը

Պարտված ՀՀԿ-ականը դեռ չի տեսել իր կուսակցական անդամատոմսը
Սեպտեմբերին, ի թիվս այլ համայնքների, ղեկավար էին ընտրում նաեւ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում: Բայց, ի տարբերություն այլ համայնքների, որտեղ համայնքապետ ընտրվեց քաղաքական պայմանավորվածությունների կամ չհրապարակվող խաղերի արդյունքում, Խորոնքում այլ զարգացումներ են եղել:



 



Սեպտեմբերի 9-ին գյուղապետի ընտրություն էր, առաջադրվել էին գործող գյուղապետ Սարգիս Նահապետյանն ու Էջմիածնի արհեստագործական ուսումնարանի ֆիզղեկ Արայիկ Աբասյանը: Սեպտեմբերի 9-ին Նահապետյանը հանրապետական էր եւ առաջադրված էր ՀՀԿ-ի կողմից, Աբասյանն անկուսակցական էր եւ ինքնառաջադրվել էր: Սեպտեմբերի 9-ին երկու թեկնածուներն էլ ստացել են հավասար թվով ձայներ` 662-ական քվե, վիճակահանություն են արել, եւ գյուղապետի վիճակը հանել է անկուսակցական Աբասյանը, բայց տեղում հրաժարական է տվել, ու հոկտեմբերի 28-ին նշանակվել է նոր քվեարկություն: Այս անգամ թե Նահապետյանը, թե Աբասյանը հանրապետական էին, սակայն կուսակցությունը ոչ մեկին չի առաջադրել` երկուսն էլ  ինքնառաջադրվել են: Գյուղապետի ընտրությունում 815 ձայն ստանալով՝ հաղթել է Սարգիս Նահապետյանը, Արայիկ Աբասյանն ստացել է 666 ձայն: Եթե 662, ապա 666 ձայն ստացած Աբասյանի պարագայում նշանակում է, որ կա կայուն ընտրազանգված, ապա մեկուկես ամսում Նահապետյանի կողմնակիցների քանակն ավելացել է 149-ով, ինչն այնքան էլ բնական չէ: Այս տարվա մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրության ժամանակ Խորոնքում կար 1.947 ընտրող, սեպտեմբերի 9-ին` 1.939, իսկ հոկտեմբերի 28-ին` 1.976: Չորս ամսում ընտրողների քանակը նվազել է 8-ով, մեկուկես ամսում ավելացել 37-ով:



 



Մենք կապվեցինք Արայիկ Աբասյանի հետ, որը շարունակում է ֆիզղեկ աշխատել Էջմիածնի արհեստագործական ուսումնարանում: Մոտ 35 տարվա մանկավարժական ստաժ ունեցող Աբասյանը, պարզվում է, Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում ուսանելիս հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի համակուրսեցին է եղել: Աբասյանն ասաց, որ ընտրության արդյունքները չի բողոքարկելու, բողոքավոր չէ: Թե ինչու է որոշել գյուղապետ եւ հանրապետական դառնալ, այսպես է հիմնավորում. «2008 թվականին արդեն մասնակցել էի գյուղապետի ընտրությանը եւ վեց հոգու մեջ երկրորդ տեղը զբաղեցրել: Նպատակ ունեի գյուղում լավ բան անել, դրսից ծրագրեր ու հովանավորներ բերել, օգնել գյուղին՝ ինչքան կարող եմ: 2012-ի ԱԺ ընտրությունից հետո համագյուղացիներն ասում էին` պետք է անպայման առաջադրվես, ու այդ ժամանակ արդեն պարզ էր, որ առաջադրվելու եմ: Կարծում էի, որ ավելի հարմար է դառնամ որեւէ կուսակցության անդամ, որ կուսակցությունն ինձ սատարի: Խորհրդակցել եմ ընտրողների հետ, մի մասը կողմ էր, մի մասը` դեմ»:



 



Այսպես. Արայիկ Աբասյանն օգոստոսին ՀՀԿ-ական դառնալու դիմում է գրել, բայց սեպտեմբերի 9-ի ընտրությանը դեռ ՀՀԿ-ական չի եղել: Հոկտեմբերին են նրան զանգել-ասել, որ ՀՀԿ-ական է: «Ես այդ կուսակցությանը բան չեմ ասում, լավ կուսակցություն է, առաջավոր կուսակցություն է, ժողովրդի շահերը պաշտպանող կուսակցություն է: Բայց ես անակնկալի եկա, վատ դրության մեջ ընկա»: Արայիկ Աբասյանը կարծում է, որ Խորոնքի գյուղապետի ընտրությանը մասնակցել են մարդիկ, որոնք միայն գրանցված են գյուղում, գյուղում չեն ապրում, գյուղացիները նրանց չէին ճանաչում, մինչդեռ «գյուղացու ցավուդարդը կհասկանա միայն գյուղում ապրողը: Հարց է առաջանում` եթե վաղը խնդիր լինի` Երեւանից, Թալինից, Ախալքալաքից կգա՞ն-սատար կանգնեն գյուղացուն»:



 



Հանրապետականի աջակցությունը չստացած Աբասյանը որոշել է դեռ մնալ կուսակցության շարքերում, բայց ասաց, որ իր կուսակցական տոմսը չի էլ տեսել: Ոչ ՀՀԿ-ին անդամագրվելիս, ոչ հիմա նա չի մտածել ու չի մտածում այլ կուսակցության մասին, թեեւ բազմաթիվ առաջարկներ է ստացել:



 



Եթե Խորոնքի գյուղապետի առաջին ընտրության որոշ լուսաբանումներ եղել են, ապա երկրորդի ժամանակ լրատվամիջոցները պասիվ են եղել: Սա եւ վերոբերյալ վիճակագրությունը հիմք է ենթադրելու, որ Խորոնքում ամեն ինչ չէ, որ հարթ է եղել: Եվ ոչ միայն քվեարկության օրը: Օրինակ, այս տարվա առաջին վեց ամիսներին Խորոնքում նախատեսված 3,47 միլիոն դրամ սեփական եկամուտներից հավաքվել է միայն 2,277 կամ 65 տոկոսը: Գույքահարկը հավաքվել է ընդամենը 38,3 տոկոսով: Թե ինչպես է վերընտրվել նման արդյունքներ ապահովող գյուղապետը` պարզ չէ, բայց կարելի է ենթադրել:



 



Արամ ԶԱՔԱՐՅԱՆ