Առաջնորդի խոսքին սպասելիս

Առաջնորդի խոսքին սպասելիս
Ինչո՞ւ է լռում Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հարցնում են շարքային եւ ոչ այնքան շարքային քաղաքացիները: Ինչո՞ւ չի հայտարարում՝ պատրաստվո՞ւմ է արդյոք առաջադրվել նախագահական ընտրություններում, թե՞ ոչ: Այս լռությունը, ըստ իս, այնքան էլ անմեղ չէ:



 



Այն դեստրուկտիվ դեր է խաղում՝ համենայնդեպս ընդդիմադիր դաշտում: Բացատրեմ միտքս: Տեր-Պետրոսյանը միշտ եւ բոլոր ժամանակներում համարվել է եւ համարվելու է ՀՀ նախագահի ամենաանցողիկ թեկնածուներից մեկը: Նրա առաջադրվելու եւ չառաջադրվելու պարագայում միանգամայն այլ իրավիճակ կարող է ստեղծվել երկրում: Երբ ՀՀ առաջին նախագահը լռում է, այսինքն՝ չի հստակեցնում իր մտադրությունները, մյուսները, եւ հատկապես իր թիմակիցները, նույնպես չեն կարողանում հստակեցնել իրենց անելիքները:



 



Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, բնական է, որ նրա թիմից ոչ մեկը չի առաջադրվի, իսկ ընդդիմությունից քչերը կառաջադրվեն: Երբ նա լռում է եւ չի ասում, թե ինչ կա մտքին, բնականաբար, խանգարում է բոլոր պոտենցիալ թեկնածուներին, որոնք պետք է հսկայածավալ աշխատանք տանեն՝ առաջադրվելու պարագայում. թիմ ձեւավորեն, շտաբներ ստեղծեն, մարտավարություն մշակեն եւ այլն: Անշուշտ, հակված չեմ կարծելու, թե նրա լռությունը ընդդիմության թեկնածուներին հատուկ վնասելու նպատակ է հետապնդում: Բայց անգամ եթե այն միտումնավոր չէ, միեւնույն է՝ վնասակար է ու վտանգներով հղի: Սա հենց գործող իշխանության շահերից է բխում. երբ ընդդիմադիր դաշտում շփոթ է ու չկողմնորոշված վիճակ, երբ ոչ մի թեկնածու՝ իշխանականից բացի, չգիտի իր անելիքը:



 



Այնպես որ, Տեր-Պետրոսյանի խոսքը, որոշումը՝ դրական եւ բացասական, այսօր պահանջված է: Դրանից հետո իրենց անելիքը կպատկերացնեն ոչ միայն ՀԱԿ-ի ժողովուրդը, այլեւ նույն ԲՀԿ-ն եւ մյուսները: