Հենրիխ Մխիթարյանը՝ քարոզարշավի թիրախ

Հենրիխ Մխիթարյանը՝  քարոզարշավի թիրախ
Հայաստանի նախագահական քարոզարշավի շրջանակներում բավական ակտիվ է հանդես գալիս նախագահության թեկնածու Արամ Հարությունյանը, ով իր մասնակցությամբ հեռուստահաղորդումներում չի խորշում շոշափել ցանակցած թեմա՝ ցանկացած բնագավառից։ Մեկ քննադատությամբ նետվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վրա, մեկ առաջարկում Պարույր Հայրիկյանի արձանը կանգնեցնել Հայաստանում։ Ահա այսպիսի լայն ճակատով է հանդես գալիս նախագահության այս թեկնածուն։



 



Ինչ վերաբերում է Հայրիկյանի արձանը կանգնեցնելու հանրությանն այդքան զվարճացնող  առաջարկին, ապա, ըստ իս, կարելի է այդ ուղղությամբ մտածել, սակայն, եթե հաշվի առնենք Հայրիկյանի քաղաքական վարկանիշը, նրա դերակատարումը Հայաստանի քաղաքական կյանքում եւ իր մասնակցությամբ վերջին ընտրություններում նրա ստացած քվեների  քանակը, ապա նման մտահղացումն իրականացնելուց առաջ շատ դժվար կլինի այդ արձանի համար համապատասխան տեղ գտնելը։ Ինչ վերաբերում է փայլուն ֆուտբոլիստին՝ Հենրիխ Մխիթարյանին ուղղված քննադատությանը, ապա, որքան կարելի է հասկանալ պարոն Հարությունյանի հայտարարություններից, նրան առավելապես զայրացրել է Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակում Մխիթարյանի կերպարի օգտագործումը։ Սկզբում պարոն Հարությունյանը, կարելի է ասել, հորդորում էր գործող նախագահին չօգտագործել Մխիթարյանի մասնակցությամբ կադրերը։ Ավելի ուշ պարոն Հարությունյանն ավելի ընդգրկուն դարձրեց իր սպորտային պատկերացումների ցուցադրումը՝ անգամ անդրադառնալով տարվա լավագույն մարզիկների տասնյակին, որտեղ Հենրիխը, ինչպես հայտնի է, անիրավացիորեն  տեղ չէր գտել։



 



Այս անգամ արդեն Արամ Հարությունյանի շուրթերից այդ վիճահարույց հարցի շուրջ հնչեցին, կարելի է ասել, նույն փաստարկները՝ բարգավաճյան թեւի տեսակետը, կրկին, որպես օրինակ, բերվեց Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի 2012-ի Տարվա լավագույն մարզիկ չճանաչվելու հանգամանքը, եւ հետաքրքիր է, որ այդ անիմաստ օրինակը, արդեն սովորույթի համաձայն, կրկին հնչեց «Կենտրոնի» եթերից, մի տարբերությամբ՝ այս անգամ արդեն Արամ Հարությունյանի շուրթերից։



 



Ուրեմն, ի գիտություն բոլոր շահագրգիռ եւ հետաքրքրված անձանց, իրոք, Լեո Մեսսիի նկատմամբ իր հայրենիքում՝ Արգենտինայում բավական հակասական վերաբերմունք է ձեւավորված, հատկապես  «Աշխարհ-2010-ից» հետո, որտեղ Արգենտինայի ազգային հավաքականը, կարելի է ասել, ձախողվեց, եւ որտեղ Մեսսին այդպես էլ չկարողացավ դառնալ անգամ մեկ գոլի հեղինակ։ Իհարկե, Արգենտինայում այն ժամանակ շատ ցավոտ տարան Դիեգո Արմանդո Մարադոնայի ղեկավարած թիմի այդ ֆիասկոն, եւ քանի որ Մեսսիից սպասելիքները շատ մեծ էին, արգենտինական մամուլի քննադատության հիմնական թիրախ դարձան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան եւ Լիոնել Մեսսին, այն ժամանակ վերջինիս անգամ մեղադրում էին շահամոլության մեջ, հղում անելով նրա ֆանտաստիկ խաղին «Բարսելոնայում»  եւ անհասկանալի համարում նման գորշ խաղը ազգային հավաքականում։



 



Ինչ խոսք, մինչ օրս Արգենտինայում որոշակիորեն պահպանվել են այդ տրամադրությունները,  թեեւ այժմ Մեսսին կարծես թե սկսել է նույն իր փայլուն խաղը ցուցադրել ազգային հավաքականում։ Այնուամենայնիվ, նման կերպարներից միշտ սպասելիքները մեծ են, եւ արգենտինական սպորտային հանրությունը, իհարկե, անվերապահորեն կընդունի Մեսսիին միայն այն ժամանակ, երբ վերջինս Դիեգո Մարադոնայի նման կարողանա իր ազգային հավաքականին դարձնել աշխարհի չեմպիոն, եւ այստեղ համեմատությունը հայաստանյան սպորտային իրականության եւ Հենրիխ Մխիթարյանի հետ միանգամայն անտեղի է։ Ինչ վերաբերում է նախընտրական առանձին քննարկումների առարկա դարձած Հենրիխ Մխիթարյանին, ապա՝ այո, իրոք նրա ներկայիս հաջողությունների մեծ մասը կապված է ուկրաինական ակումբի հետ, սակայն չմոռանանք, որ նա փայլուն խաղ է ցուցադրում մեր ազգային հավաքականում, եւ պակաս կարեւոր չէ մշտապես գիտակցելը, որ Մխիթարյանը, անգամ «Շախտյորի» կազմում դրսեւորելով իր տաղանդը, մեծապես նպաստում է Հայաստանի մարզական իմիջի բարձրացմանը, եւ միանգամայն անընդունելի է նման կերպարներին դարձնել քննադատության թիրախ։



 



Կարեն ՍԻՄՈՆՅԱՆ