Մելքումյանը չի խախտել, Սեդրակյանը խախտել է

Մելքումյանը չի խախտել, Սեդրակյանը խախտել է
Երեկ ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկել եւ միաձայն որոշել է կարճել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վերաբերյալ «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ի դիմումը` համարելով, որ պատգամավորն էթիկայի խախտում թույլ չի տվել:



Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Panorama.am կայքը տեսանյութ եւ ձայնագրություն էր հրապարակել, որտեղ Մելքումյանը հեռախոսային զրույցի ժամանակ երկար բանակցել էր իրեն պատկանող տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին եւ հստակ հայտարարել, թե ինքը բիզնես ունի՝ վարձակալության ենթակա տարածքներ, օֆիսներ եւ այլն, որոնց հարցով ինքն անձամբ է զբաղվում: Քանի որ ԱԺ պատգամավորն օրենքով նման իրավունք չունի, այդ առիթով նշված հասարակական կազմակերպությունը դիմել էր ԱԺ էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով քննել պատգամավորի վարքը:



 



Երեկ սույն հանձնաժողովը, որի կազմում նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ կան, մասնավորապես ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը, կարճել է դիմումը՝ պատգամավորի գործունեության մեջ էթիկայի խախտում չգտնելով եւ նշելով, որ Մ. Մելքումյանին մեղադրելու հիմքեր չկան: Մեզ բացատրեցին, որ դիմումը սխալ է գրված եղել: Նույն նիստում քննվել է նաեւ մեկ այլ պատգամավորի՝ Մհեր Սեդրակյանի վարքագիծը՝ կապված «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին սպառնալու հետ, երբ ասել էր. «Կտամ ծնոտդ կպոկեմ»: Հանձնաժողովը որոշել է, որ պատգամավոր Մհեր Սեդրակյանը պետք է համապատասխան հարգալից վերաբերմունք ցուցաբերի իր գործընկերների եւ լրագրողների նկատմամբ: Այս որոշմանը մեկ անձ է դեմ քվեարկել՝ ԲՀԿ անդամ Վահան Բաբայանը: