Փորձում են գտնել մի մոդել

Փորձում են գտնել մի մոդել
Երեկ ԱԺ-ում ՀՀԿ ֆրակցիայի դռների հետեւում բուռն դեբատներ էին ընթանում սկզբում Գալուստ Գրիգորիչ - «Ժառանգություն»` Ռուբեն Հակոբյան, ապա` Գրիգորիչ - Դաշնակցություն` Արմեն Ռուստամյան ֆորմատով: Արմեն Ռուստամյանը գնում էր, ապա վերադառնում, ու նորից փակվում էին դռների հետեւում: «Դաշնակցությունը «գամ-գնամ» սթայլի մեջ  է»,- կատակեց ՀՀԿ-ականներից մեկը:





Ինչո՞ւ եք այդքան գնում-գալիս,- հարցրինք Արմեն Ռուստամյանին: «Կարող է մի հատ էլ գնամ-գամ»,- արագ-արագ քայլերով մտնելով ՀՀԿ ֆրակցիա՝ ասաց նա: Կարո՞ղ է նաեւ մտնեք կոալիցիա: «Գնալ-գալով մտնո՞ւմ են կոալիցիա»: Երբեմն` այո: «Ոչ, էդպես չի, ավելի ուշադիր եղեք. քննարկումներ են ընթանում, երբ կավարտվի՝ կասենք»: Մեր տեղեկություններով` Գալուստ Գրիգորիչին նախագահականից հանձնարարված է բանակցել «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հետ` ընդդիմադիր պլատֆորմի շուրջ, որից հետո գործընթացի մեջ կներառեն նաեւ ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին: «Փորձում ենք գտնել մի մոդել, որը կնպաստի երկրի հետագա զարգացումներին. այս պահին «Ժառանգության» հետ որոշակի քայլեր ենք արել, սկզբունքներ ենք մշակել, որի հիման վրա իրենք պետք է ներկայացնեն, թե ինչ են ուզում, ինչ խնդիրներ կան, հենց կոնսենսուսի եկանք, դրան կհետեւի արտահերթ նիստը»: Ըստ բանակցող Գալուստ Սահակյանի` ԱԺ արտահերթ նիստը, ըստ ամենայնի, կհրավիրվի առաջիկա երկու օրերին: