Բարեւ, մի հատիկ այս բառն եմ ասում եւ վերջ

Բարեւ, մի հատիկ այս բառն եմ ասում եւ վերջ
«Բարեւի հեղափոխության» հաղթարշավը երեկ լարված ու բուռն մթնոլորտում անցավ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարեւոլուշնը» տարել էր Արմավիրի եւ Արարատի մարզեր, որտեղ, եւ հատկապես վերջինում, պաշտոնական տվյալներով, Սերժ Սարգսյանն է հաղթել:



 



 



Երեկվա մարզային այցելություններից ակնհայտ էր, որ իշխանությունն իսկապես տագնապած է «մի հատիկ այս բառի» զորությունից: Ի տարբերություն նախորդների, երբ ոստիկանները մեգաֆոնով ահաբեկում էին քաղաքացիներին եւ հորդորում չմասնակցել «չիրազեկված» հավաքներին, երեկվա հանդիպումներին, հավանաբար «Բարեւի հեղափոխության» մարդասիրական ոգուց ներշնչված, ավելի քաղաքակիրթ էին, նախկին դարանակալված վիճակից անցել էին ակտիվ գործողությունների եւ խմբերով նկարահանում էին հանրահավաքն ու մասնակիցներին: Այս քաղաքակիրթ ու անչափ ապահով մթնոլորտը չէր վախեցրել մարդկանց, որոնք գրեթե բոլոր քաղաքներում հոծ բազմությամբ էին ընդունում «բարեւի» պատվիրակներին: Ավելին, հետաքրքիր մի տենդենց նկատվեց. մարդիկ կարծես ոչ միայն ընդունել են Րաֆֆիի անմիջական, սփյուռքահայի պաթոսով մարդասիրական տեսակը, երեկ մի շարք համայնքներում եւ հատկապես Մասիսում ու Սուրենավանում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը բարեւում էր մարդկանց, պատասխանում էին. «Բարեւ, Հայաստան», ինչպես սովորաբար ինքը՝ Րաֆֆին է անում:



 



ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆԵԼԻ  Է



 



Երեկ Րաֆֆին իր այցելությունները սկսել էր Արմավիրի մարզից, եղել էր Արմավիր, Մեծամոր, Էջմիածին քաղաքներում: Եվ վճռականորեն, խրոխտ տոնով պահանջել էր  մարզպետի եւ Արմավիրի ավագանու հրաժարականը, տեղեկացրել, որ այսօր էլ նույն պահանջն է ներկայացնելու Սյունիքում: Ասել էր նաեւ, որ իր կյանքի իմաստն այսուհետ լինելու է իրավիճակի փոփոխությունը երկրում. «Ես ձեր ծառան եմ, եւ պատասխան են տալու ձեր առջեւ», թե ինչպես, կրկին չէր գաղտնազերծել: Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքում Րաֆֆին, պաշտոնական տվյալներով, հաղթել է, եւ նախօրեից քաղաքի ղեկավարի հրաժարականի մասին էր խոսվում, որը երեկ հերքվեց, քանի որ, նույն խոսակցություններով, քաղաքապետ Խլղաթյանը համառորեն չի ցանկանում ստորագրել հրաժարականի դիմումը: «Ձեր քաղաքապետը գոնե նվազագույն տղամարդկություն ունեցավ, հրաժարական տվեց, եւ ես ողջունում եմ այդ քայլը»,- գնահատեց «Ժառանգության» ղեկավարը:



 



Իսկ ահա, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի ղեկավարած քաղաքում՝ Էջմիածնում, հոգացել էին, որ հանրահավաքը տապալվի:



 



Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանելուն պես քաղաքի հրապարակի մատույցներում հանկարծ հայտնվեցին տասնյակ ոստիկանական մեքենաներ, որոնք բարձր ազդանշաններով անընդհատ շեղում էին Հովհաննիսյանի ուշադրությունը ելույթի ժամանակ: «Այս առավոտ հանդիպեցի ՌԴ դեսպանի հետ: Նշեցի, որ հարգում եմ Ձեզ եւ Ռուսաստանին, չնայած որ Ամերիկայում եմ ծնվել, բայց մենք չենք վախենում այլեւս ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Չինաստանից եւ այլ գերտերություններից։ Ճանաչե՛ք հայ ժողովրդի ընտրությունը, հայ ժողովրդի հաղթանակը: Իսկ ես խոնարհվում եմ  Ձեր առաջ, էջմիածինցինե՛ր: Կեցցե՜ Էջմիածինը, կեցցե՜ մեր հանրապետությունը, կեցցե՜ մեր հաղթանակը»,- ասաց նա եւ Էջմիածնից ուղեւորվեց դեպի Մասիս:



 



«Րաֆֆի, նախագահ» վանկարկումներով ընդհատվում էր ելույթը, որը Հովհաննիսյանի դուրն այնքան էլ չէր գալիս, ու նա հորդորում էր իրեն Րաֆֆի-ով դիմել:



 



ԱՐԱՐԱՏԸ ՀԵՏ ԵՄ ԲԵՐԵԼՈՒ



 



Խոսքը մարզի մասին է, Մասիս քաղաքում էլ Րաֆֆին խրոխտ խոստացավ մարզը դարձնել ժողովրդինը, քանի որ, «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ընտրություններն այստեղ են ամենաշատը կեղծվել, իշխանությունները վայելել են ժողովրդի ձայնը: Մասիսում Րաֆֆի Հովհաննիսյանի բարեւարշավն անցավ շատ բուռն, ինչպես եւ սպասվում էր: «Ժառանգության» առաջնորդը նախապես հայտարարել էր, որ գնում է «կեղծիքների կենտրոն»: Բայց Րաֆֆին անակնկալի եկավ, որովհետեւ Մասիսում հենց իրեն մեղադրեցին կեղծիքի եւ «ճիշտ» չլինելու մեջ:



 



Բավականին հոծ բազմության առջեւ եւ ամեն քայլափոխի մահակներով ոստիկանների ու ոստիկանական մեքենաների առկայությամբ ունեցած ելույթից հետո հանկարծ Րաֆֆիին մոտեցավ միջին տարիքի մի տղամարդ՝ Վարդան Աբգարյան անունով, ու վրդովված հարցրեց. «Որ նախագահի հետ հանդիպեցիք, Ձեզ ասեց՝ մի տեսակ տխուր ես, ինչի՞ չասեցիր՝ այո, տխուր եմ, որովհետեւ ձայներս կեղծել ես: Որ ասեց՝ լրագրողների ներկայությա՞մբ խոսենք, ինչի՞ դու ասեցիր՝ չէ»: Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց ճիշտն ասել, քանի որ այդպես չի եղել: «Երբ ասեց՝ ես տխուր եմ, ի՞նչ պատասխանեցի: Ոոո՜չ, ես ասացի՝ իրավատեր եմ, իրավազոր: Ես կողմ էի բաց հանդիպմանը, լրագրողներն այստեղ են, կարող են փաստել»,- պատասխանեց Րաֆֆին: Բայց քաղաքացին անդրդվելի էր, մանրակրկիտ ուսումնասիրել էր նախագահականի տարածած վիդեոն եւ ձայնը հետզհետե բարձրացնում էր, պատասխաններ պահանջում, բարձրաձայնելով. «Դե տեսնո՞ւմ ես, դու էլ ճիշտ չես, թափանցիկ չես», քաղաքացին միաժամանակ աչքը գցում էր «կեղծիքի բուն կենտրոնին»՝ քաղաքապետարանի շենքին, որը հրապարակի հարեւանությամբ է, եւ որտեղից էլ, հավանաբար, անակնկալ հայտնվել էր Վարդանը:



 



Րաֆֆին չերկարացրեց, ասաց միայն, որ պարոն Սերժ Սարգսյանի հաջորդ առաջարկի դեպքում ինքը հաշվի կառնի քաղաքացու ասածը: Իսկ Րաֆֆին համոզված է, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի եւ պարտավոր է իր հետ զրուցել իրավիճակը լիցքաթափելու համար: Նույն վայրկյանին հավաքի մասնակիցներից մեկը մոտեցավ եւ սկսեց բղավել, որ ոստիկանները թող լավ էլ հետեւեն, նկարեն, սպառնան, մեկ է, վախեցողը չեն: Արտակ Ստեփանյանը գոռում էր. «37 թիվն է, հեսա էս ասելուց հետո գալու են բռնեն-տանեն»: Նա նաեւ պատմեց, որ իր պատճառով ճնշումներ են գործադրում իր հարազատների վրա: «Տղայիս ստիպել են, որ մտնի ՕԵԿ, եկավ ասեց՝ պապա, ասում են պետք ա մտնես կամ դուրս գաս: Հո էշ չէ՞ր՝ մտներ»,- ասաց նա՝ չնշելով տղայի աշխատավայրը:



 



Ապա Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց ոստիկաններին. «Նամյոկներով, սպառնալով ոչնչի չեք հասնի, չփորձեք սպառնալ քաղաքացիներին, ես հեռանում եմ, բայց ամենի մասին տեղեկանալու եմ, եւ դուք պատասխան եք տալու: Թող ոչ մեկը չհանդգնի մասիսցու, հայ մարդու նկատմամբ ձեռք բարձրացնել»: Այստեղ էլ, ինչպես բոլոր տեղերում, ասաց, որ հաղթել են, որ տեր են կանգնելու հաղթանակին, իրավունքի պայքարում հաղթելու են վերջնականապես, բայց թե ինչպես՝ չասաց: «Որքան էլ ձեզ մի փոքր հեռավոր թվա, ես ակնկալում եմ այս կեղծված, խախտված ժողովրդի իրավունքից գողացված ընտրությունների բերմամբ դուք կտեսնեք այդ օրը: Կարող է այս օրը լինի, կարող է մի ամիս անց: Եթե մենք հավատում ենք մեր պայքարին, ինչպես ես ձեզ եւ դուք ինձ, մենք կտեսնենք այդ օրը, որ ձեր քաղաքապետն ու մարզպետը հրաժարական են տալու»,- ասաց նա՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին էլ հետո կխոսի, հիմա գնում է Արտաշատ:



 



Արտաշատում նույնպես նրան դիմավորեցին հարյուրավոր մարդիկ: Այստեղ սադրիչների պատճառով միջադեպ տեղի ունեցավ, որի արդյունքում փոխգնդապետ Գրիգորյանը մոտեցավ հանրահավաքի մասնակիցներին եւ «Ժառանգության» ակտիվիստ Դավիթ Սանասարյանից պահանջեց ներկայանալ ոստիկանական տեղամաս, որտեղ կպարզաբանվեն միջադեպի մանրամասները: Րաֆֆի Հովհաննիսյանն այստեղ էլ հակառակվեց եւ նշեց, որ նաեւ իրեն ծանուցեն, եւ ինքը Դավիթ Սանասարյանի հետ միասին կներկայանա ոստիկանական տեղամաս: Իսկ Դավիթին «մայր» էին հայհոյել, ինքն էլ հրմշտել էր: Ապա «բարեւի» ոգին հասավ Արարատ, հետո «հաղթական» Սուրենավան, որտեղ հանդիպման էին շտապել նաեւ հարակից գյուղերից, իսկ Անահիտ Բախշյանն այնքան էր ոգեւորվել սուրենավանցիների արիությամբ եւ ազատատենչությամբ,  որ հուզմունքից իր ելույթն անավարտ թողեց:



 



Րաֆֆի Հովհաննիսյանի «բարեւի հաղթարշավի» երեկվա վերջին հանգրվանը  Վայոց Ձորում էր: