Ընդվզողը Րաֆֆի՞ն է

Ընդվզողը Րաֆֆի՞ն է
Մարտի 1-ին, նույն ժամերին Երեւանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն է ընդունվել՝ հանրահավաք ու երթ արտոնել «Ժառանգություն» եւ ՀԱԿ կուսակցություններին: Ինչպես Րաֆֆին կասեր՝ մեռնեմ մեր իշխանության ու ոստիկանության փառապանծ ջանին: Սա այն դեպքում, երբ ՀԱԿ-ը, ինչքան տեղեկացված եմ, ամիսներ առաջ էր հանրահավաք անցկացնելու հայտ ներկայացրել:



 



Քաղաքապետարանը պարզապես կարող էր նպատակահարմար չհամարել միեւնույն տեղում, միեւնույն ժամերին երկու կուսակցությունների կողմից հանրահավաքի անցկացումը եւ հանրահավաքի արտոնությունը տալ ավելի շուտ հայտ ներկայացնողին: Բնականաբար, Կոնգրեսը չեղյալ համարեց մարտի 1-ին նախատեսված հանրահավաքը եւ հրապարակը կամովի հանձնեց «մարտի մեկի նոր ընդվզող» Րաֆֆի Հովհաննիսյանին: Սա ուղղակի ծաղր է մարտի 1-ի զոհերի եւ ժողովրդական այն ահռելի զանգվածի նկատմամբ, ովքեր մարտի 1-ի արյան պահանջատեր են… Ես պարզապես չեմ հասկանում՝ ի՞նչ պիտի ասի Րաֆֆին այդ հանրահավաքում: Որ այլեւս մարտի մեկ չի լինի, որովհետեւ ի՞նքն է «ընդդիմության» առաջնորդը, Լեւոնի մասի՞ն պիտի խոսի, թե՞ երազում տեսած մարտիմեկյան դեպքերի մասին պատմի…



 



ՀԱԿ-ի կոչը Կոնգրեսի անդամներին եւ համակիրներին՝ միանգամից հավաքվել Մյասնիկյան հրապարակում եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին, սթափ քայլ է, որը միաժամանակ հուշում է, թե Րաֆֆին որ ուղղությամբ է փորձում տանել իր ընդդիմադիր զանգվածը… Ահա թե որն է թույլատրելիության այն սահմանը, որ իշխանությունը «շռայլում» է Րաֆֆիին: Կոնգրեսի լռությունն ապահովելով, իշխանության հաջորդ քայլը կլինի Րաֆֆիի լռության աստիճանական ապահովումը: