Առայժմ միայն ժողովրդի աղաղակող բողոքն է լսելի

Առայժմ միայն ժողովրդի աղաղակող բողոքն է լսելի
Այս վերքը նոր չէ, հեղափոխական այս տրամադրվածությունը, փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը տարբեր շրջաններում բռնկվել ու հանգել են: Եվ այն հեղափոխական ուժը, որ վերլուծաբանների կարծիքով հուսահատությունից մարել էր, կար: Ժողովուրդը կրակ է ու հանգելուց հետո  մոխիրների տակ պահում է անթեղված կրակը…



 



Այդ անթեղված կրակը պայքարի ոգին է, պայքարի շունչն ու քամին, որը ճնշումից ու անարդարությունից կարող է վերածվել տարիների մոխիրների տակ ծխացող կրակի… Խոսել, թե ինչպես առաջացավ կայծը, ով բորբոքեց այն, անիմաստ է, որովհետեւ պատմական ակնթարթն անսահմանորեն երկար է տարիների լուռ ընդվզումն ընդգրկելու համար… Կայծը զորանում, մեծանում, սնվում է ինքն իրենից ու չի սպառվում, որովհետեւ սեփական վառելափայտ այնքան է կուտակվել, որ կբավականացնի կրակը խարույկ դարձնելուն… Այս մասին պետք է խորհի այս շրջանում կրակը բորբոքողը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ կրակխառնիչն առնելուց առաջ մտածի, որ կրակը բորբոքելուց հետո դժվար է լինելու դրա դեմն առնելը… Այլեւս չի կարողանալու վերահսկել այդ ուժը… Պատրա՞ստ է դրան, թե՞ ինչ-որ մի պահի անհրաժեշտություն է առաջանալու մարել կրակը… Պատրա՞ստ է մինչեւ երկինք հասցնելու կրակի բարձրությունը, թե՞ իշխանության կողմից թաց փայտեր է լցնելու ու ջուր… Պատրա՞ստ է ինքն իրենով սնվելու ու բոցավառելու շուրջը, թե՞ կրակի բերանը մի անգամ չոր փայտ է նետելու, մյուս անգամ՝ թաց…



 



Պատրա՞ստ է  ռեժիմի դեմ «ատելության ծաղկեփունջը» միասնական  ընդունելու, թե՞ փունջը քանդելու եւ առանձին-առանձին է օգտագործելու… Պատրա՞ստ է դիմակայելու այն մեծ փորձությանն ու գայթակղությանը, որ գործադրում է իշխանությունը Հայաստանում ընդդիմության դաշտը նրան «նվիրելու» համար…



 



Առայժմ քայլեր չեմ տեսնում նշածս ուղղություններով, եւ միայն ժողովրդի աղաղակող բողոքն է լսելի, որ հասել է իր համբերության սահմանագծին…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ