Համլետ Հարությունյան. Րաֆֆի Հովհաննիսյանը բարոյական իրավունք չունի կասկածի տակ դնել մեր ընտրությունները

Համլետ Հարությունյան. Րաֆֆի Հովհաննիսյանը բարոյական իրավունք չունի կասկածի տակ դնել մեր ընտրությունները
Աժ պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսեց ավարտված ընտրությունների, երկրում սպասվող ներքին ու արտաքին զարգացումների մասին:



 



Նա ցավակցեց  Մարտի մեկի զոհերի հարազատներին: Համլետ Հարությունյանի կարծիքով Մարտի մեկը  բոլորիս անհեռատես քաղաքականության հետեւանքով տեղի ունեցավ եւ հավասարապես  մեղավոր ենք բոլորս:  Ըստ նրա՝ բոլոր տեսակի քաղաքական ճգնաժամերը հղի են անկանխատեսելի հետեւանքներով: Էլ երբեք Մարտի մեկ մեր ժողովրդի պատմության մեջ չպետք է լինի:



 



Բանախոսի կարծիքով, յուրաքանչյուր քաղաքացի սպասում է, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը ավարտվի հաջողությամբ: Մեր երկիրն ունի արտաքին ագրեսիայի վտանգ: Այս պարագայում մեր ժողովրդի համար առաջին խնդիրը երկրի եւ Արցախի անվտանգության պահպանման խնդիրն է, եւ եթե այս գերագույն խնդիրները ստորադասվեն իշխանատենչ ուժերի փառասիրությանը, շատ վնասներ կկրենք: Միայն  ազգային եւ քաղաքական միասնության դեպքում կարող ենք հաջողության հասնել: Միտինգային քաղաքականությունը պետք է վերացնել:



 



Ըստ Համլետ Հարությունյանի՝ կասկածի տակ առնել ընտրությունների արդյունքները, առնվազն քաղաքական անհեռատեսություն է: «Րաֆֆի Հովհաննիսյանը բարոյական իրավունք չունի կասկածի տակ դնել մեր ընտրությունները: Եվ ես չգիտեմ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը  ինչու է 38% ձայն ստացել »,-ավելացրեց պատգամավորը:



 



Մանե ԶՈՐՅԱՆ